‘Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք չէինք ցանկանա, որպեսզի Սիմֆերոպոլ-Երևան չվերթեր իրականացվեն’

908

Մենք չէինք ցանկանա, որպեսզի Սիմֆերոպոլ-Երևան չվերթեր իրականացվեն,  հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը` մեկնաբանելով Հայաստանից Ղրիմ ուղիղ չվերթ բացելու հնարավորությունը: «Մենք Ղրիմի իշխանությունների օրինականացում չենք ցանկանում»,- նշել է դիվանագետը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն իր հերթին Ղրիմի ճգնաժամի առնչությամբ հայտարարել է. «Կարծում եմ, որ հակամարտության լուծման ուղիներ գտնելու նպատակով երկխոսությունը նպատակահարմար է, քանի որ ընդունված որոշումների հետևանքները ժողովուրդն է զգալու: Անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուսումնասիրել իրավիճակը և այնպիսի լուծում գտնել, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին»,- ասել է դիվանագետը:

Նշենք, սակայն, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արդեն տեղեկացրել է, որ Սիմֆերոպոլից Երևան ուղիղ չվերթերի իրականացման «Գրոզնի-Ավիա» ռուսական ընկերության հայտը մերժվել  է: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, հայտը մերժվել է ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտարարել է, որ թերությունների վերացումից հետո հայտը կդիտարկվի վերստին:

 Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ «Գրոզնի-Ավիա» ավիաընկերությունը Սիմֆերոպոլից Երևան չվերթեր կսկսի նոյեմբերի 16-ից: 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը ՀՔԾ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել ‘
Հաջորդ հոդվածը‘Նախագահականը հաջորդ տարի բյուջեից կստանա 4,5 մլրդ դրամ’