‘
Թուրքիան Մեծ Բրիտանիայի արժեքավոր գործընկերն է ՆԱՏՕ-ի շրջանակներում, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը` մեկնաբանելով Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
«Մենք տեսնում ենք այն աշխատանքը, որը Թուրքիան անում է Եվրամիության հետ մերձեցման համար: Մենք ողջունել ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2009 թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները»,- նշել է դիվանագետը: Այս համատեքստում նա ավելացրել է, որ 2015 թ. խորհրդանշական է Հայաստանի համար, որը նշելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակը`հույս հայտնելով, որ Թուրքիայի կողմից առաջընթաց քայլ կկատարվի:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն իր հերթին նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի սկսման 100-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացնելով` իրենք ցանկանում են նաև ցույց տալ, որ կարելի է հաղթահարել թշնամությունը, հաշտվել ու միասին առաջ ընթանալ:
«Կարևոր է կարողանալ ներողություն խնդրել: Հուսով ենք, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի այդ հարցի շուրջ: Բայց կուզեի նաև նշել, որ թուրքական հասարակությունում կան նաև դրական տեղաշարժեր այդ հարցում, և մոտ ապագայում կարելի է առաջընթաց սպասել»,- ասել է Մորելը:
‘