‘
Մանկապղծության դեպքերի հետաքննությամբ զբաղվող ավստրալական հանձնաժողովը Սիդնեյում սկսել է ավելի քան չորս հազար երեխաների գործով լսումները, այսօր հաղորդել է The Australian-ը: Առաջին լսումների ժամանակ կքննվեն «Ավստրալիայի սկաուտներ» շարժման մեջ աբորիգեն երեխաների օգնությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունում հայտնաբերված մանկապղծության դեպքերը: Հետագայում հանձնաժողովը կքննարկի նաև մանկապղծության դեպքերը կրոնական կազմակերպություններում, ինչպես նաև պետական հաստատություններում՝ մանկատներում և դպրոցներում: Հանձնաժողովի ղեկավա Փիթեր Մաքլելանի խոսքերով՝ բողոքների չափազանց մեծ թվի պատճառով չի հաջողվի բոլոր դեպքերը քննել մեկ առ մեկ: Մանկապղծության զոհերը կարող են հանդես գալ կամ հրապարակավ, կամ փակ նիստերում, փոխանցում է BBC news-ը: Ակնկալվում է, որ 2014 թ. կեսերին հանձնաժողովը նախնական հաշվետվություն կներկայացնի, իսկ 2015 թ.՝ վերջնական զեկույց՝ ավստրալական տարբեր կազմակերպություններում մանկապղծության դեպքերի վերաբերյալ:
Ավստրալիայում վերջին ժամանակները բազմաթիվ սկանդալներ են ծագել կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքերի առնչությամբ: Սեպտեմբերին Վիկտորիա նահանգում եկեղեցին խոստովանեց, որ 1930-ական թվականներից ի վեր՝ ավելի քան 600 երեխաներ ենթարկվել են հոգևորականների սեռական ոտնձգություններին, փոխանցում է lenta.ru-ն:
‘