‘Մեծ Բրիտանիան ապաստան է տրամադրել աֆղանստանցի աթեիստին’

645

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ապաստան են տրամադրել Աֆղանստանի քաղաքացուն, ով հայտարարել է, որ աթեիստ է, գրում է BBC News-ը:

Աֆղանստանցին, ում անունը չի նշվում, Մեծ Բրիտանիա է եկել 2007 թ.՝ 16 տարեկան հասակում: Իշխանությունները նրան թույլ են տվել երկրում մնալ մինչև 2013 թ.: Երիտասարդի փաստաբանների խոսքով՝ տղան մեծացել է մուսուլմանական ընտանիքում, սակայն Մեծ Բրիտանիայում ապրելու ընթացքում աթեիստ է դարձել: Այժմ նա վախենում է վերադառնալ հայրենիք, որտեղ նրան կարող են դատել և մահապատժի ենթարկել:

Աֆղանստանցու փաստաբանները պնդում են, որ սա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքական ապաստան է տրամադրվում աթեիզմի համար:

Աթեիզմը չի համարվում միջազգայնորեն ճանաչված հիմք՝ քաղաքական ապաստան տրամադրելու համար: Մասնավորապես՝ ամերիկյան դատարանները չեն ընդունում այդ փաստարկը: Իսկ Աֆղանստանում իսլամից հրաժարումը հանցագործություն է համարվում: 2006 թ. աֆղանստանցի Աբդուլ Ռահմանը հայրենիքում դատապարտվել էր մահվան, քանի որ քրիստոնեություն էր ընդունել: Մահապատժի սպառնալիքի տակ նա փախել էր Եվրոպա և քաղաքական ապաստան ստացել իտալական իշխանությունների կողմից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը բանակի մատակարարումը վստահել է իր կրտսեր քրոջը’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի հարյուր հարավսուդանցիներ ջրահեղձ են եղել Սպիտակ Նեղոսում’