‘Մեծ Բրիտանիան Հայաստանից ավելի շատ թափանցիկություն է ակնկալում ավելի շատ ներդրումների համար’

672

Հանքարդյունաբերություն, ֆինանսական ընկերություններ, բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն: Սրանք հայ-բրիտանական տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններն են`՝ ըստ  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերի:

Փոխնախարար Ֆրեյզերը մարտի 10-12 Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակում այսօր Երեւանում էր:

Այցի ընթացքում Ֆրեյզերը Հայաստանի կառավարության անդամների հետ միասին քննարկել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու ՄԹ-ի միջեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր:   
«Մենք մտադիր ենք աջակցություն ցուցաբերել բրիտանական ընկերություններին, որոնք կցանկանային ներդրումներ անել Հայաստանում»,- Հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, Սայմոն Ֆրեյզերը` շեշտելով, որ բրիտանական հետագա ներդրումները կախված են Հայաստանում բաց եւ կանխատեսելի իրավիճակից, եւ այդ առումով կարեւոր համարեց կառավարության քայլերը:

Անդրադառնալով փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին միջազգային դիտորդների տված գնահատականներին, փոխնախարարը նշեց, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է ընտրությունների պաշտոնական արդյունքները,  «թեեւ գիտեն, որ գործընթացը կատարյալ չէր, այնուամենայնիվ արդյունք լեգիտիմ է, գուցե դասեր կան քաղելու, բայց շատ կարեւոր է, որ այդ դասերը բոլոր կողմերը հաշվի առնեն»: «Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, ես շատ բան չեմ կարող ասել դրանց մասին, քանի որ շատ բան չգիտեմ, բայց մենք հարգում ենք մարդկանց՝ արտահայտվելու ազատության իրավունքը» — նշեց բրիտանացի փոխնախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Կարեւորը հաղթանակն է’
Հաջորդ հոդվածը‘Սուրբ Աթոռում՝ առանց սուրբ նպատակների’