‘
Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Հյու Ռոբերտսոնը նամակով դիմել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, որտեղ խնդրել է հետաքննել հոկտեմբերի 16-ին սերբական Կրուշեվաց քաղաքում կայացած Եվրո-2013-ի որակավորման Սերբիա – Անգլիա երիտասարդական հավաքականների հանդիպման (0:1) ընթացքում եւ ավարտից հետո տեղի ունեցած միջադեպերը: Ռոբերտսոնի կարծիքով, Սերբիայի հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառվեն տեղի երկրպագուների կողմից ռասիստական բնույթի վիրավորանքների համար, տեղեկացնում է Campionat.com-ը:
«Այն, ինչ տեղի ունեցավ Սերբիայում՝ իսկական խայտառակություն է: Ես նամակ եմ գրել Միշել Պլատինիին, կոչ անելով անհապաղ հետաքննություն անցկացնել: Ռասիզմը ցանկացած ձեւով անընդունելի է եւ պետք է արմատախիլ արվի: Ակնկալում եմ, որ Սերբիայի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կկիրառվեն»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ հանդիպումից հետո թիմերի միջեւ խոշոր ընդհարում սկսվեց, որին մասնակցում էին խաղացողները, մարզիչները եւ երկրպագուները:
‘