‘
Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, եթե վերջինս հրաժարվի արմատական բարեփոխումներ իրականացնել: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նորանշանակ արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը կիրակի օրը BBC-1 հեռուստատեսության եթերում:
«Բարեփոխումների չենթարկված Եվրամիությունը չի համապատասխանում Մեծ Բրիտանիայի շահերին,- ընդգծել է նախարարը:- Եթե ԵՄ-ի մեր գործընկերները հայտարարեն, որ պատրաստ չեն փոփոխությունների գնալ և բանակցել, ապա միանգամայն ակներև է, թե ինչպիսին կլինի բրիտանացիների պատասխանը առաջիկա հանրաքվեին»:
Մեծ Բրիտանիայի ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե 2015 թ. համընդհանուր ընտրությունների արդյունքում ինքը մնա իշխանության, ապա 2017 թ. կառավարությունը հանրաքվե կկազմակերպի Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև փոխհարաբերությունների հարցով: Ընդ որում՝ քվեաթերթիկում կդրվի Եվրամիությունից Լոնդոնի դուրս գալու հարցը: Քեմերոնը նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում, եթե Լոնդոնին հատուկ կարգավիճակ շնորհվի՝ ԵՄ-ում ինտեգրման նվազ մակարդակով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘