‘
Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեից առաջ վերսկսվել է քարոզչությունը, որն ընդհատվել էր անցած հինգշաբթի բրիտանական խորհրդարանի անդամ, լեյբորիստ պատգամավորուհի Ջո Քոքսի սպանությունից հետո:
Բանավեճը նոր թափ է ստացել: Վարչապետ Դևիդ Քեմերոնը կիրակի օրն իր կրակոտ ելույթում «բրեքսիթն» անվանել է «տոմս՝ մեկ ուղղությամբ»: Նա համոզված է, որ ԵՄ-ից դուրս գալը կազդի երկրի տնտեսության վրա, անդառնալի ընթացք կստանա և կնվազեցնի Լոնդոնի ազդեցությունը աշխարհի քաղաքական թատերաբեմում:
Քեմերոնի ընդդիմախոսները, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ, «բրեքսիթը» համարում են «քայլ դեպի ազատություն և ժողովրդավարություն»: Նրանք պնդում են, որ բրիտանական տնտեսության համար ռիսկերն ավելի մեծ են, եթե նա պահպանի ԵՄ անդամակցությունը:
Միացյալ Եվրոպայի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին: Քեմերոնն արդեն հայտարարել է, որ քվեարկության ցանկացած արդյունքի դեպքում էլ հրաժարական չի տա: Փոխանցում է euronews-ը:
‘