‘
Մեկը մյուսին հաջորդող դիվանագիտական ձախողումները
Ժնևում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ «առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին»:
Սա Սերժ Սարգսյանի նկատմամբ ցուցաբերած հերթական արհամարհական վերաբերմունքն է: (Խոսքն այն մասին չէ, անշուշտ, որ Սերժ Սարգսյանը փայլուն արտաքին քաղաքականություն է վարում, իսկ նրա նշանակած կադրերը՝ ոչ, խոսքն ընդամենը ֆիքսված արարողակարգի խախտման մասին է): Միևնույն ժամանակ, այն ուղղակիորեն առնչվում է նաև պետական կարևորագույն ինստիտուտին՝ դիվանագիտական ծառայությանը: Այսինքն՝ Հայաստանի դեսպաններից մեկը կարող է գործել ինքնուրույն, առանց վերադասի ցուցումների: Սա երկրի անվտանգության առաջին գիծն ապահովող դիվանագիտական ծառայության համար նախադեպը չունեցող երևույթ է: Ավելի քան անհասկանալի է ՀՀ ԱԳՆ լռությունը, ինչը կարող է մեկնաբանվել որպես համաձայնության նշան:
Միայն ենթադրել կարելի է, թե ինչ է դեսպան Ազնավուրը խոսելու Թուրքիայի դեսպանի հետ: Այս վիճակից մեծապես օգտվելու են մեր հակառակորդները՝ իրենց հարմար շեշտադրումներով ներկայացնելով «պաշտոնական Երևանի ներկայացուցչի» հետ հանդիպումը:
Նման հնարավորություն (հատկապես՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, երբ ակնհայտորեն կողմերի նկատմամբ միջազգային որոշակի ճնշումներն ավելանալու են՝ գոնե նվազագույն կառուցողականություն ցուցաբերելու համար) Թուրքիային ընձեռել է նաև ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Օրերս հերթական փոխհրաձգության մեջ մտնելով պաշտոնական Անկարայի հետ՝ նա ասել էր, որ «Թուրքիայի ցեղասպանության ժխտման քաղաքականությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերւթյունների կարգավորման համար»:
Այսինքն, նա կապել է կարգավորման գործընթացը ցեղասպանության ճանաչման հետ:
Այնինչ, Հայաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ Ցեղասպանության ճանաչումը չի հանդիսանում նախապայման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Պաշտոնական Երեւանի կողմից կիրառվող «առանց նախապայմանների կարգավորում» արտահայտությունը նույնիսկ թեւավոր խոսք է դարձել արդեն:
Տարիներ շարունակ հայկական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրել՝ բացատրելու/համոզելու միջազգային հանրությանը, բարեկամ երկրներին, որ կարգավորման հարցում մենք նախապայմաններ չենք դնում: Այդ բացատրությունների դժվարությունն այն էր, որ Թուրքիան, նենգափոխելով փաստերը, պնդում էր, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար Անկարայի կողմից ցեղասպանության ճանաչումը Հայաստանը ներկայացնում է որպես նախապայման: Սրանով Թուրքիան փորձում էր հարաբերությունների զրոյական վիճակի պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա:
Պաշտոնական Երևանին մի կերպ, մեծ դժվարությամբ հաջողվեց ներկայանալ այնպիսի դիրքերից, որը հնարավորություն կտար միջազգային հանրության մոտ չեզոքացնել թուրքական դիվանագիտության աղավաղումները: Վերոնշյալ հայտարարությամբ փոխարտգործնախարար Քոչարյանը փայլուն նվեր մատուցեց թուրքերին, որոնք չեն հապաղի այն ներկայացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռված (այդ թվում՝ միջնորդ) պետություններին՝ հաստատելով իրենց պնդումները, որ հենց ցեղասպանության ճանաչման հարցն է Հայաստանի նախապայմանը: Հերթական անգամ Հայաստանը տուժում է սիրողական դիվանագիտության հետևանքներից:
Շ. Ազնավուրն ու Շ. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի նշանակած «դիվանագետներն են»: Իրենց անմիջական ղեկավարի նման՝ նրանց դիվանագիտական գործողությունները հեռու են պրոֆեսիոնալիզմից և վնասում են պետական շահերին: Ցավալի է, որ աշխարհահռչակ շանսոնյեի դեպքում մենք գործ ունենք մի տխուր երևույթի հետ, երբ ճանաչված անձնավորությունը ստիպած կատարում է իր մասնագիտական գիտելիքներին չհամապատասխանող գործունեություն, այն դեպքում, երբ Հայաստանի ԱԳՆ-ում կան համապատասխան կրթություն ունեցող բարձր մակարդակի դիվանագետներ, որոնք չեն գործուղվում արտերկիր՝ համապատասխան պաշտոնների:
Դրսից մարդկանց կարևորագույն պաշտոններին նշանակելով, ընտանիքի անդամներին և մերձավորներին դեսպանի կոչում շնորհելով՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն արժեզրկում և բարոյազրկում է դիվանագիտական ծառայությունը: Փողոցից նշանակումներ կատարելով՝ Ս. Սարգսյանը ԱԳՆ աշխատակիցներին ուղերձ է հղում, թե որքան էլ լավ աշխատեն, միևնույն է՝ չեն նշանակվելու դեսպան, քանի որ դա վերապահված է փեսաներին, փեսաների ընկերներին, մարզպետներին, ծանրամարտիկներին, Հայաստանի հետ կապ չունեցող գործարարներին: Իսկ փորձառու մասնագետները, կադրային դիվանագետները, ՀՀ ԱԳՆ վարչության պետերը, դեսպանի ու դեսպանորդի դաս ունեցող անձինք կա՛մ տարիներով չեն գործուղվելու՝ կորցնելով անհրաժեշտ որակավորումը, կա՛մ նշանակվելու են առավելագույնը փոխդեսպանի պաշտոնում: Սերժ Սարգսյանը կարողացավ նաև դիվանագետների շրջանում յուրահատուկ դասակարգում մտցնել ՝ 5-9 տարի Հայաստանից դուրս աշխատող դեսպաներին՝ առանց մայրաքաղաք հետ կանչելու և ԱԳՆ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու, անմիջապես մեկ երկրից գործուղելով երկրորդ երկիր: Ի՞նչ օգուտ պետք է բերի մի դեսպան, որը կտրվել է Հայրենիքից, օգտվում է արտոնյալի կարգավիճակից եւ փակում է գործընկերների կարիերային առաջխաղացման ճանապարհը:
Նման խայտառակ կադրային փոխատեղման հետևանքով տեղի ունեցավ Հայաստանի պատմական ձախողումը Իտալիայում, որը մեկ ամիս առաջ Ադրբեջանի հետ ստորագրեց հակահայկական փաստաթուղթ: Օրերս ականատեսը դարձանք դիվանագիտական ձախողումների հերթական դրսևորումներին. իրեն հոգեհարազատ բազեակաների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 8-9-ին պայմանավորվածության համաձայն Հայաստան պետք է ժամանի ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Նա նաև խոստացավ գլխավորել ՀՀ պատվիրակությունը՝ սեպտեմբերի կեսին Իրան կատարելիք այցի ընթաքում: Հայաստանի համար այդ երկու կարևորագույն այցելությունները տեղի չունեցան, ընդ որում՝ որևէ մեկը բացատրություններ չտվեց դրանց խափանման պատճառների մասին:
Զարմանալի չէ, որ Հ. Աբրահամյանի ասածը որևէ առնչություն չունի իրականության հետ՝ մենք սովոր ենք, որ այդ անձնավորությունը կարող է ասել մտքին այդ պահին եկած ցանկացած բան: Զավեշտն այն է, որ այսօր նման մարդկանցով են ճանաչում Հայաստանը դրսում, Հ. Աբրահամյանի փակ հանդիպումներում արված կիսագրագետ խոսքով են դատում մեր մասին: Նրա անլուրջ կեցվածքը, հիմք չունեցող հայտարարությունները վնասում են Հայաստանին:
Այնպես որ, որքան երկար Հայաստանը ներկայացնեն Ս. Սարգսյանի և Հ. Աբրահամյանի նման ձախորդ գործիչները, այդքան երկար մենք չենք ունենա որևէ առաջընթաց: Այդ առումով, համոզված եմ, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգի հիմնական՝ Հայաստանը խայտառակող այդ զույգի հրաժարականի պահանջն այլընտրանք չի ունենալու:
Վլադիմիր Կարապետյան
‘