‘
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հիմնադիր Խորհրդարանի» հանրահավաքը: Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը, հարթակում երիտասարդներ են կանգնած, որոնք պաստառեր են պարզել «Մենք բոլորս Ժիրայր ենք», «Հաղթելու ենք», «Ազատ Հայաստան» գրություններով:
«Ազատամարտիկների դաշինքի» անունից հանրահավաքում ելույթ ունեցավ Սմբատ Հակոբյանը, ով հայտարարեց, որ ՀԽ անդամները ձերբակալել են իրենց գաղափարները արտահայտելու համար: Նա նշեց, որ ավել վաղ Ազատամարտիկների դաշինքը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ իրենք զերծ են մնալու ակցիաներ իրականացնել մինչեւ ապրիլի 24-ը, սակայն այստեղ գտնվելով` նրանք իրենց զորակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց քաղաքական կամքը արտահայտելու համար հայտնվել են անազատության մեջ: Նա նաեւ կոչ արեց իշխանություններին ընդունել «Հարյուրամյակն առանց քաղբանտարկյալների» կարգախոսը:
ՀԽ անդամ Վարդան Հակոբյանը հայտարարեց, որ ՀԽ անդամները փակվել են այն բանի համար, որ ապրում են այս երկրում, բայց չեն կարողանում այս իշխանությունների հետ հաշտվել: «Իսկ ինչպե՞ս կարելի է ապրել եւ համակերպել«,- հայտարարեց նա:
‘