‘
Ստրասբուրգում սեպտեմբերի 30-ին մեկնարկում է ու մինչեւ հոկտեմբերի 4-ը կտեւի ԵԽԽՎ աշնային նստաշրջանը: Հոկտեմբերի 2-ին նախատեսվում է Սերժ Սարգսյանի ելույթը: Ելույթ կունենան նաեւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
Օրակարգում են քննարկումներ ազգային անվտանգության, տեղեկատվության հասանելիության, Ալբանիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտարկումների արդյունքների, Բոսնիա-Հերցեգովինայի ժողովրդավարական հաստատությունների գործունեության և երեխաների` ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքների վերաբերյալ: Նստաշրջանի մասնակիցները բազմաթիվ այլ հարցեր կքննարկեն: Առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղար Անխել Գուրիան ամենամյա քննարկման շրջանակում ելույթ կունենա ՏՀԶԿ-ի գործունեության մասին: Իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մորերը կխոսի Եվրոպայի տարածքում հակամարտությունների ժամանակ անհայտ կորած անձանց մասին:
Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վեհաժողովին կներկայացնի կատարված աշխատանքները և կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին:
‘