‘Մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը ‘

902

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքեց փոխըմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող՝ Երևանի 4  («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա»,  «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց),  ինչպես նաև Գյումրիի  և Գորիսի  բժշկական կենտրոնների միջև: 

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը ներկայացրեց ծրագրի իրականացման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, ինչպես նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար  անհրաժեշտ միջոցառումների ցանկը:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշեց, որ ծրագրի շնորհիվ  բնակչության բոլոր խավերը կկարողանան  սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից:

 «Սուր ինֆարկտի ծանր դեպքերում բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում  կտեղադրվի ոչ դեղապատ  մեկ ստենտ»,- մանրամասնեց Վահան Պողոսյանը: Նա հայտնեց, որ  բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների կազմակերպան համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մշակվել է չափորոշիչ, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Նա հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն (+374 10) 65 47 11 կամ 65 46 91 հեռախոսահամարներով) ` քաղաքացիներին և բժշկական կենտրոններին տեղակատվություն տրամադրելու համար:

 

Պատասխանելով լրագրողների հարցին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը նշեց, որ  այն մոտեցումը, որն ընտրվել է սոցիալական կարևոր նշանակության այս ծրագրի համար, ոչ բոլոր, անգամ զարգացած երկրներում է իրականացվում:

 «Մարդիկ գումար չունենալու պատճառով սրտի անհետաձգելի վիրահատության անհրաժեշտության դեպքում հաճախ անելանելի վիճակում էին հայտնվում, և պատահական չէ, որ այս ծրագիրը մենք կարճ անվանել ենք «կյանք փրկող» ծրագիր»,- հավելեց Վահան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են`   բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց,  սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին,  պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին: Նոր ծրագիրը  հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով  նոր ծրագրով նախատեսված տարեկան  500,0 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազ դրամ կիրառելու պայմաններում  հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն  վիրահատել 660-690 անձանց:

Հաշվի առնելով, որ նշված ծառայության գծով պահանջարկը բարձր է, անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացինների ընտրության համար մշակվում է համապատասխան կարգ: Սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնող բժշկական կազմակերպություններում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են բժշկական օգնության և սպասարկման  որակի  և ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկումներ:

Նախորդ հոդվածը‘Խոզի մսի 20 փորձանմուշից 6-ի դեպքում կենդանին սատկած է եղել. Գյուղատնտեսության նախարար’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության կրթահամալիրի ուսանողը 14 տարին չլրացած աղջնակի հետ սեռական հարաբերություն է ունեցել. Քրգործ ՀՔԾ-ում’