‘Մեկ է՝ Աննուշկան յուղը թափելու է’

1865

Այսօր բրնձով փլավ եփելիս մոռացել էի կաթսայի կափարիչը մի քիչ բաց թողնել, ու քիչ հետո լսեցի գազօջախին թափվող ջրի թշշոցը: Որ կաթսայի բերանը բաց թողնեի, երևի ջուրը չէր թափվի, պարզապես գոլորշին դուրս կգար, ու վերջ…

 Աշխարհը փոթորկվում է, եռ է գալիս ու ժամանակ առ ժամանակ բաց թողնում գոլորշին՝ ամեն կերպ ջանալով խուսափել մեծ պայթյուններից: (Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է, վկա՝ թեկուզ Սիրիան, ուր կաթսայի քլթքլթոցն ի վերջո հանգեցրեց պատերազմներից վատթարագույնին՝ քաղաքացիականի, ինչն արդեն շարունակվում է ավելի քան երկու տարի): Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ գոլորշի բաց թողնելն էլ կարող է լուծում չլինել,  նույնիսկ կարող է արտաքուստ նկատելի չլինել, որ կաթսան եռում է, հոսանքները կարող են ջրի հատակում լինել ու չերևալ… Բայց դրանք կան ու ժամանակ առ ժամանակ բարձրանում են ջրի երես, ընդ որում՝ ամենատարբեր «կերպարանքներով» կամ ամենազանազան առիթներով: Հարցն այն է, թե «ճաշ եփողները» հատո՞ւկ են բացում կաթսայի կափարիչը՝ գոլորշին դուրս թողնելու համար, թե՞ մոռանում են, գուցե և դիտավորյա՛լ են մոռանում, որ ջուրը բարձրանա ու թափվի՞….

«Ճաշ եփողը»՝ երկրի ղեկավարը, կարող է մի անզգույշ արտահայտություն թույլ տալ կամ, ասենք՝ անհաջող կատակ անել (դե՝ մոռանա  կիսաբաց անել կափարիչը), և վերջ՝ ժողովրդի նյարդերը տեղի տան, ու նա դուրս գա փողոց. «Ռումինիա. Բուխարեստում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ երկրի նախագահ Տրայան Բասեսկուի՝ երկրում ծնելիության վերաբերյալ արված վիրավորական արտահայտությունների: «Ես ձեզ կոչ եմ անում ծնե՛լ: Կարծում եմ, որ այս խնդրով կարող են մտահոգվել նաև ռումինացի կանայք, այլ ոչ թե միայն գնչուհիները, որոնցից յուրաքանչյուրը 3-4 երեխա ունի»,- ասել է Բասեսկուն»:

 Կամ՝ իշխանությունները կարող են մի անընդունելի պաշտոնյայի նշանակում կատարել, ապա նույնիսկ փոխեն այդ որոշումը, բայց դա էլ չկասեցնի բողոքի ալիքը. «Բուլղարիա. Այսօր առավոտյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար մոտավորապես 300 մարդ է հավաքվել Սոֆիայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ: «Սուրճ՝ խորհրդարանի մոտ» անվան տակ անցկացվող ակցիան կազմակերպվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Ցուցարարները խորհրդարանի ուղղությամբ լոլիկներ են շպրտել՝ վանկարկելով «հրաժարական», «մաֆիա», «անամոթներ», սակայն  ոստիկանությունը չի միջամտել:Սոֆիայի բնակիչների դժգոհության պատճառը հունիսի 14-ին Ազգային անվտանգության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում Դելյան Պեևսկիի նշանակումն էր՝ «Հանուն իրավունքի և արդարության» կուսակցությունից: Հունիսի 19-ին խորհրդարանի պատգամավորները քվեարկեցին այդ նշանակման վերաբերյալ որոշումը փոխելու օգտին, սակայն բողոքի ցույցերը չեն դադարում և ձեռք են բերում հակակառավարական բնույթ»:

Կամ՝ կառավարությունը որոշում է անցնել խնայողության մի քիչ ավելի խիստ ռեժիմի, և խնդրեմ. «Պորտուգալիա. «Ժամանակն է, որ կառավարությունը հեռանա», վանկարկել են Լիսաբոնի հազարավոր բնակիչներ արհմիությունների կազմակերպած համընդհանուր գործադուլի օրը, ինչը հայտարարվել էր՝ ի պատասխան իշխանությունների՝ խնայողության նոր միջոցներ ձեռնարկելու մտադրության: Առաջին հերթին՝ նախատեսվում է կրճատել 30 հազար պետծառայողների և աշխատանքային շաբաթը 35 ժամից դարձնել 40: «Մենք այլևս չենք դիմանա նման խնայողության, դա արդեն չափազանց է: Ես արդեն երկրորդ անգամ եմ հայտնվում աշխատանքի բիրժայում, առևտրային բոլոր ձեռնարկությունները փակվել են, աշխատելու տեղ պարզապես չկա»,- ասել է ցուցարարներից մեկը»:

Չիլիում ուսանողները փողոց են դուրս եկել՝ «պահանջելով վերանայել պետության հարկային քաղաքականությունը և բարեփոխումներ իրականացնել կրթության ոլորտում» (կրթության ոլորտում բարեփոխումներ պահանջելը դեռ հասկանում եմ, բայց պետության հարկային քաղաքականությո՞ւնը ձեր ինչ գործն է, ա՛յ ուսանողներ…): Իսկ «փոքրիկ» Լյուքսեմբուրգում բավական է, որ երկու կուսակցություն պահանջի վարչապետի հրաժարականը, քանի որ վարչապետն ի պաշտոնե «վերահսկում է հատուկ ծառայությունների գործունեությունը, հետևաբար՝ տեղյակ է եղել դրանց իրականացրած բոլոր խախտումներին», ու  նա՝ «եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը»,  համաձայնում է հրաժարական տալ:

Դե, Ստամբուլի Գեզի պուրակի (Մաշտոցի պուրակ) շուրջ ծավալված իրադարձությունների մասին չեմ խոսում:  Ի դեպ, այստեղ «չվախեցան» հարցը «քաղաքականացնելուց» և իրենց «քաղաքացիական նախաձեռնության» կուսականությունը խաթարելուց: 

Դե, իսկ Բրազիլիայում, պատկերացնո՞ւմ եք, իշխանությունները որոշել էին բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը: Եւ ի՞նչ ստացան. ոչ միայն ստիպված եղան հրաժարվել այդ թանկացումից, այլև կամաց-կամաց ցուցարարների բողոքի շրջանակն ընդլայնվեց՝ ընդգրկելով կոռուպցիան, ցածր կենսամակարդակը, ոստիկանական կամայականությունները և նույնիսկ միջազգային մարզական միջոցառումները. «Բողոքի առիթներից մեկն էլ Բրազիլիայում Կոնֆեդերացիայի գավաթի խաղերի անցկացումն էր. ցուցարարները պահանջում են, որպեսզի պետությունը բյուջետային միջոցները ծախսի ոչ թե սպորտային միջոցառումների վրա, այլ սոցիալական խնդիրները լուծելու նպատակով»: Պատկերացնո՞ւմ եք: Բրազիլացիները դեմ են, որ իրենց երկրում անցկացվեն ֆուտբոլային խաղեր…..

Մեզ մոտ՝ Հայաստանում էլ, ժամանակ առ ժամանակ կաթսայի ջուրը եռում է ու «սպառնում» թափվել: Բայց մերն ուրիշ է. «մերոնք», ըստ երևույթին՝ փայլուն տիրապետում են գոլորշի բաց թողնելու արվեստին՝ «միասնության շուրջպարից» սկսած՝ մինչև «տոլմայի» փառատոն, «Արի տուն»-հաց կեր-Արարատով զմայլվիր-գնա, «բահանջադեր- Հայազդան» ու բեմադրված մահափորձ…. Իրենց կարծիքով՝ մենք էլ շա՜տ հանդուրժող ենք, մենք չենք տրտնջում ո՛չ գազի թանկացումից, ո՛չ էլ դրան շղթայական ռեակցիայով հաջորդած մյուս թանկացումներից:  Բայց իրադրությունը կամաց-կամաց դուրս է սողում նրանց վերահսկողությունից՝ «Հարսնաքար» ու դրանից առաջ՝ Պողոս Պողոսյանից սկսած՝ մինչև Լիսկա ու օֆշոր… Ու  մեր «ճաշ եփողները» երևի գիտակցում են արդեն, որ երբեմն եռացող կաթսան այնքան է լցված լինում, որ կափարիչը բաց թողնելն էլ կարող է չօգնել. մեկ է՝ Աննուշկան յուղը թափելու է…

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն Պյատիգորսկ-Երևան երթուղու միկրոավտոբուսում’
Հաջորդ հոդվածը‘«Չոռնի» ցինիզմ կամ «Մետաքսի» ճանապարհը’