‘Մեկ տարի առաջ մահացավ Վահե Ավետյանը(տեսանյութեր)’

3468

2012-ի այս օրը՝  հունիսի 29-ին, այդպես էլ գիտակցության չգալով՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացավ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանը:

iLur.am-ը ներկայացնում է այդ դեպքերի ամփոփ պատմությունը:

Վահե Գառնիկի Ավետյանը ծնվել է 1979 թվականի օգոստոսի 2-ին, կրթությունը ստացել Երևանի պետական բժշկական համալսարանում: Մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից  ծառայում էր պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում, ուներ մայորի կոչում:

Վահե Ավետյանի մահը հասարակական մեծ հնչեղություն ստացավ` լայնորեն լուսաբանվելով լրատվամիջոցներով և քննարկվելով սոցիալական ցանցերում։ Ավետյանը կոմայի մեջ էր հայտնվել ծեծից հետո, որը տեղի էր ունեցել ԱԺ պատգամավոր (այդ ժամանակ) Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։

2012թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, նրանց թվում՝ Վահե Ավետյանը, այցելում են ռեստորան։ Վեճը ծագում է ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև՝Վահեի  սպորտային հագուստի պատճառով։

Մամուլում հավաստի տեղեկություն էր շրջանառվում, որ բժիշկներին ծեծողները եղել են Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, ովքեր նախքան ծեծկռտուքը  զանգահարել էին Ռուբեն Հայրապետյանին,  պատմել միջադեպի մասին, վերջինս էլ հրահանգել էր «մի լավ դաստիարակել» նրանց:

Ծեծկռտուքն սկսում է մատուցողներից մեկը, ապա դրան մեջ են ներքաշվում ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները, որոնք դաժան  ծեծի են ենթարկվում բուժծառայողներ Վահե Ավետյանին, Էդգար Միկոյանին, Արկադի Աղաջանյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին։

Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը ծանր վիճակում տեղափոխվում են հիվանդանոց, հունիսի 18-ին, ժամը 3։00-ին մոտ, Ավետյանը ենթարկվում է գանգուղեղային վիրահատության։

Ավելի ուշ գանգի ևս մի վիրահատություն է կատարվում, սակայն Վահեն այդպես էլ  կոմայից դուրս չգալով՝ մահանում է հունիսի 29-ին, ժամը 18:15-ին մոտ ։

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը, ապա գործն ուղարկվում է ոստիկանության քննչական ծառայություն:  Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ… պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Ձերբակալվում են 7 անձ,  մեղադրանք է առաջադրվում 6 հոգու: Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է` ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով`

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը… մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից… անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով», 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով, և առաջադրվում է 6 կալանավորվածներին («Հարսնաքարի» աշխատակիցներ Գարիկ Մարգարյան, Արման Բաղդասարյան, Դավիթ Ադամյան, Արման Խաչատրյան, Նորայր Հայրապետյան և Արթուր Բաբլոյան):

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։

Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն՝ «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունը:

Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին: Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, հունիսի 30-ին տեղի է ունենում բողոքի ակցիա։

Հուլիսի 1-ին` վաղ առավոտյան, ԶՈւ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը: Այդ քայլը հետո որակվեց վրիժառություն և ինքնադատաստանի փորձ:

Հուլիսի 1-ին տեղի են ունենում բողոքի ցույցեր Նախագահական նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև: Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը՝ հուլիսի 2-ին:

Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարում է պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին` իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը: Հուլիսի 4-ին  ոչ կոալիցիոն չորս կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին` գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար,  հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը:

Բողոքի ցույց տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը. օգոստոսի 8-ին մոմավառություն կազմակերպվեց «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ տեղի ունեցավ Երևանի Ավան թաղամասում:

Մինչ այդ լրագրողներից խուսափող Ռուբեն Հայրապետյանը բոլորովին անսպասելի օգոստոսի 11-ին «Նուվել դ՛Արմենի» ամսագրի թղթակցին հարցազրույց  տվեց և անդրադառնալով «Հարսանքարի» միջադեպին՝ հայտարարելով, թե միջադեպի ժամանակ ինքն այնտեղ չի եղել: Նրա խոսքով՝ դեպքից հետո ոստիկանությունը երկու անգամ հարցաքննել էր իրեն: Նա հերքեց տարածված լուրերը, թե ձերբակալվածներն իր թիկնապահներն են եղել՝ հավելելով, թե ընդհանրապես թիկնապահ չունի, և իրեն ուղեկցողներն իր ընկերներն են: 

«Հարսնաքարի» գործով դատական առաջին նիստը կայացավ սեպտեմբերի  13-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Դատաքննությունը շարունակում է մինչև այսօր: Այս տարվա մայիսի 22-ի դատական նիստում ցուցմունք   տվեց  նաև նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և հերքեց, թե ինքն է հրահանգել ծեծել բժիշկներին, ավելին՝ նա հայտարարեց, որ եթե ինքը տեղյակ լիներ, ապա նման բան չէր լինի:

Տեսանյութերը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Նախորդ հոդվածը‘Օլիմպիական սադիստներ. Մարտիրոս Դեմիրճյանը պատմել է սադիստ-ոստիկանների մասին’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը կարող է ընդգրկվել որպես մեղադրյալ. Զինդատախազ’