‘Մեկ օրում՝ երեք մրցանակ տարբեր անվանակարգերում ‘

721

Հոկտեմբերի 13-ին Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի երեք տաղանդավոր սաներ արժանացան երեք պատվավոր մրցանակի միջազգային ստեղծագործական հավակնոտ ստուգատեսում: Այդ օրը Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցավ «Տաթև» հիմնադրամի նախաձեռնած «Արի Ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» 6 ամիս տևած մանկապատանեկան մրցույթ-փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: 6-13 տարեկան երեխաների կողմից ներկայացված ավելի քան 400 գեղանկարչական, քանդակագործական և դեկորատիվ կիրառական արվեստի ժանրին պատկանող աշխատանքներն ուղարկվել էին ժյուրիի քննությանը Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Երեխաներին հանձնարարված է եղել Տաթևիկի երևակայական կերպարը ստեղծագործաբար կերտելու առաջադրանքը:

Բոլոր անվանակարգերում մրցանակների արժանացան նաև Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնից մասնակցած սաները: Գեղանկարի անվանակարգ, առաջին պատվավոր մրցանակ. այն իր  հետ տարավ Շուշիի «Նարեկացի» կենտրոնի նկարչության խմբակի 11-ամյա սան Հայկ Կիզիրյանն իր «Թռիչք դեպի Տաթև» աշխատանքով: Խմբակի պարապմունքները վարում է գեղանկարիչ Սամվել Թավադյանը:

Քանդակի անվանակարգ, երկրորդ մրցանակ. հաղթողն էր Շուշիի «Նարեկացի» կենտրոնի արթ թերապիայի խմբակի 10-ամյա սան Հայկուհի Առուստամյանն, ով պատկերել էր նարնջագույն թևերով երևակայական մի Տաթևիկ, որի քանդակե անշարժության մեջ անգամ թևածում էր ճախրանքի ոգին: Նա իր աշխատանքը կերտել էր կենտրոնի արթ թերապիայի պարապմունքների ժամանակ, որոնք վարում է հոգեբան Հասմիկ Եսայանը:

Ժյուրիի նախագահի հատուկ մրցանակ. արժանացավ նույն արթ թերապիայի խմբակի՝ 11-ամյա Անահիտ Ղազարյանի կերտած Տաթևիկը: Մրցանակն Անահիտին անձամբ հանձնեց ժյուրիի նախագահ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի 
հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանը, ով իր խոսքում հատուկ մասնավորեցրեց, որ այս մրցանակը ոչ թե մանկան է հանձնում, այլ՝ արվեստագետ կոլեգայի:

Շուշիի «Նարեկացի» կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին` կիսաքանդ շենքի հիմնովի վերականգնմամբ: Կենտրոնում գործում են համերգասրահ, ցուցասրահ, դասասենյակներ ու գրադարան, որտեղ բարեգործական ու անվճար հիմունքներով, 
անց են կացվում համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և փառատոններ: Կենտրոնին կից գործում է արվեստի 12 դասարան, որտեղ անապահով ընտանիքների շուրջ 100 երեխա անվճար հիմունքներով ուսանում է փայտագործության, պարի, 
մանրանկարչության, հեքիաթասացի, ասեղնագործության, ասմունքի, լուսանկարչության, երգի, նկարչության, արտթերապիայի, թատրոնի և անգլերենի խմբակներում: Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնում ստեղծված են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կանցկացվի 2014թվականին’
Հաջորդ հոդվածը‘Բենյամինսեն. Իբրահիմովիչը կեղտոտ եւ մեծամիտ խաղացող է’