‘Մեղրիի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից` բնապահպանական խնդրի պատճառով’

1159

Մեղրիի ավագանու անդամ Միքայել Օհանյանը վայր է դրել լիազորությունները` իր անհամաձայնությունը հայտնելով ավադանու մեծամասնության` Մեղրի քաղաքի տարածքում նոր հէկ կառուցելու թույլտվություն տալու որոշման հետ: Իր քայլը նա բացատրել է ընտրողներին հղված ուղերձում, որը, Lragir.am-ի փոխանցմամբ, ներկայացնում ենք ստորեւ.

 

Սիրելի՛ հայրենակիցներ

2013թ. նոյեմբերի 19-ին կատարել եմ մի արարք, որի մասին ձեզ տեղեկացնելը պարտքս եմ համարում:

Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց:

Անմիջապես քաղաքի տարածքում հէկ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեեւ օրակարգում այլ հարցեր էլ կային` ոչ սկզբունքային նշանակության), ապա` կոչ եմ արել գործընկերներիս` մերժել քաղաքի տարածքում հէկի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը:

Դրանով, փաստորեն, ավագանին հերթական անգամ մեղսակից է դարձել Մեղրիում իրականացվող բնապահպանական աղետաբեր քաղաքականությանը:

Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ համայնքի ավագանին ի զորու չէ սթափ նայելու իրերի դրությանը եւ պաշտպանելու մեղրեցիների շահերը: Հարցի քննարկումը որերորդ անգամ ցույց տվեց, որ իմ եւ ավագանու անդամների գերակշռող մասի պատկերացումները Մեղրու առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ սկզբունքային տարբերություններ ունեն եւ անհամատեղելի են: Եթե մինչեւ հիմա փոքր հէկերը Մեղրիում կառուցել են քաղաքի շրջագծից դուրս, ապա դա ինչ-որ չափով հասկանալի է եղել: Իսկ երբ հէկը փորձում են կառուցել հենց քաղաքի ներսում, ապա դա որեւէ ողջամիտ բացատրություն ունենալ չի կարող:

Մեղրու ավագանու ընդունած որոշումը, հայտարարում եմ, հերթական լուրջ հարվածն է Մեղրի քաղաքի բնապահպանական կացությանը: Եվ նման ավագանու կազմում իմ հետագա գործունեությունն աննպատակահարմար եմ գտնում:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը` ես ցած եմ դնում Մեղրի համայնքի ավագանու անդամի լիազորությունները:

Այդ քայլով միաժամանակ փորձում եմ ե՛ւ տարածքային ու համայնքային, ե՛ւ հանրապետական իշխանություններին սթափության մղել եւ գոնե հետայսու զերծ պահել Մեղրիում իրականացվող անհեթեթ գործելակերպից: Նաեւ փորձում եմ հերթական անգամ ցուցանել, որ Մեղրու բնակչության զգալի մասն անընդունելի է համարում շրջանում իրականացվող իշխանական քաղաքականությունը:

Ու քանի որ 2012թ. Մեղրու ավագանու անդամ եմ ընտրվել ձեր կամքով, ուզում եմ տեղյակ լինեք ավագանու անդամի պարտականություններից հրաժարվելու իմ որոշման մասին:

Նաեւ երախտագիտությունս եմ հայտնում ձեզ` վստահության ու համատեղ աշխատանքի համար:

Հավատացնում եմ` այսուհետ եւս ուժերիս ու գիտելիքներիս չափով շարունակելու եմ օգտակար լինել մեր բնօրրան Մեղրի քաղաքին ու տարածաշրջանին:

 

Նախորդ հոդվածը‘Air France-ն ավելացնում է դեպի Հայաստան չվերթերի թիվը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կժամանի ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը’