‘
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սուր քննադատության է ենթարկել ռուսաստանյան իշխանություններին՝ Մոսկվային մեղադրելով նրանում, որ նա միջամտում է ընտրություններին, կիբեռլրտեսություն է իրականացնում և կեղծ լուրեր տարածքում, որպեսզի «երկպառակություն սերմանի Արևմուտքում»:
«Ռուսաստանը բազմիցս խախտել է մի քանի եվրոպական երկրների օդային տարածքը, միջամտել է ընտրություններին, հակերային գրոհ ձեռնարկել Դանիայի պաշտպանության նախարարության և բունդեսթագի վրա: … Մենք գիտենք, թե դուք ինչի եք ուզում հասնել, բայց ոչինչ չի ստացվի: Որովհետև դուք թերագնահատում եք մեր դեմոկրատիայի կայունությունը, ազատ և բաց հասարակությունների մշտական ձգողությունը և արևմտյան երկրների հավատարմությունն այն դաշինքներին, որոնք մեզ կապում են միմյանց հետ»,- ընդգծել է Բրիտանիայի վարչապետը:
Թերեզա Մեյի խոսքը հակադրության մեջ է մտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որ նա արել է անցյալ շաբաթ՝ նշելով, որ ինքը հավատում է Պուտինին, և հավաստիացնելով, որ ռուսաստանյան իշխանությունները չեն միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եկող ամիս այցելելու է Ռուսաստան:
Փոխանցում է BBC-ն:
‘