‘Մենաշնորհների հետևանքը, կամ մազից կախված պետություն ‘

1605

Վերջերս մի ամբողջ օր Հայաստանի ինտերնետ կապի աշխատանքը խաթարված էր, քանի որ UCOM-ը, ինչ-ինչ տեխնիկական խնդիրներից ելնելով, չէր աշխատում:

Այս կապակցությամբ հետաքրքրվեցի, թե իրականում ի՞նչ է պատահել Հայաստանի ինտերնետի հետ, և պարզվեց, որ Հայաստան ինտերնետ է մտնում ընդամենը մեկ աղբյուրից՝ կաբելով, այն էլ՝ Վրաստանի տարածքով, և ցանկացած մեկը կարող է գնալ ու կտրել այդ կաբելը:

Կաբելն էլ գալիս է Ռուսաստանի տարածքից, և որ վայրկյանին Ռուսաստանը ցանկանա, կարող է «անինտերնետ» թողնել ամբողջ Հայաստանը:

Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանը երևի սա է. երբ ով ուզի՝ կարող է Հայաստանը զրկել կապից և հաղորդակցությունից, արդեն նշանակություն չունի՝ իր ցանկությամբ, թե պատահարի պատճառով:

Նույն բանը տեղի է ունենում Հայաստան մտնող գազի հետ. ընդամենը մեկ խողովակ է մտնում երկիր՝ կրկին Վրաստանի տարածքով, և որ վայրկյանին Հայաստանի իշխանությունները իրենց «խելոք» չպահեցին, այդ խողովակից հոսող գազը կարող է անջատվել:

Հիշում եք, չէ՞, Արցախյան պատերազմի տարիներին օրը քանի անգամ էին ադրբեջանցիները պայթեցնում Հայաստան մտնող գազամուղը, սակայն ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների՝ կարճ ժամանակում գազամուղը վերականգնվում էր, ու Հայաստանը նույնիսկ այդ վիճակում կարողացավ պատվով դուրս գալ պատերազմից, ինչքան էլ այսօրվա ուռա-հայրենասերները այդ հերոսական տարիներն անվանեն «մթի ու ցրտի» տարիներ:

Հիմա պատկերացրեք՝ ոչ թե պարզապես պայթեցվում է Հայաստան մտնող գազամուղը, այլ ընդհանրապես գազ չի մտնում երկիր, չնայած՝ կարիք չկա էլ պատկերացնելու, ընդամենը վերհիշեք 2008-ի վրաց-օսական մի քանի օրվա պատերազմը, և թե այդ օրերին ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը:

Արցախյան պատերազմի ընթացքում այն ժամանակվա իշխանությունները նույնիսկ Թուրքիայից էին  կարողանում Հայաստան վառելիք ու սննդամթերք ներմուծել, էլ չեմ ասում ատոմակայանի վերագործարկման մասին, որից հետո Հայաստանը նույնիսկ էլեկտրաէներգիա էր վաճառում Վրաստանին:

Հիմա կասեք, որ այժմ էլ Իրանի տարածքով գազամուղ կա, ու նաև մի այլընտրանքային կաբելագիծ, որը չի գործարկվել, սակայն անհրաժեշտության դեպքում դա գործի կգցվի: Սակայն մոռանում եք, որ ՀՀ իշխանությունների «հմուտ» քաղաքականության շնորհիվ դա էլ է հանձնվել օտար պետությանը, և դժվար թե Հայաստանը կարողանա օգտվել դրանից: Նույնն էլ կատարվում է էլեկտրականության և մնացած բոլոր ռազմավարական ճյուղերի հետ:

Երբ ասում ենք, որ մենաշնորհները երկիրը կործանում են, ոչ թե պարզապես ցանկանում ենք իշխանություններին վարկաբեկել կամ սևացնել նրանց «աշխատանքը», այլ փորձում ենք հասկացնել, որ եթե Հայաստան մտնի ոչ թե մեկ ինտերնետ կաբել, այլ մի քանիսը, ապա Հայաստանն ապահովագրված կլինի ինտերնետ անջատումներից: Եթե ոչ թե մեկ գազամուղ լինի, այլ մի քանիսը, ապա Հայաստանը կրկին ապահովագրված կլինի գազի անջատումներից: Եթե ոչ թե մեկ տարանցիկ ուղի ունենա, այլ մի քանիսը, ապա ապահովագրված կլինի շրջափակումներից:

Նույնն էլ ներքին քաղաքականության մեջ է. եթե պետեկամուտների նախարարի սեփականությունն ու մենաշնորհը հանդիսացող UCOM-ը ոչ թե միակը լինի, այլ լինեն մի  քանի «UCOM»-ներ, ապա կլինի մրցակցություն, և մարդիկ ապահովագրված կլինեն գների կամայական բարձրացումներից: Նույնը վերաբերում է շաքարավազի, վառելիքի, ալյուրի, ձեթի և այլ  կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը. եթե դրանց ներմուծումը մենաշնորհային չլինի, ապա Հայաստանն ապահովագրված կլինի  գների տատանումներից ու կամայական բարձրացումներից:

Սերժ Սարգսյանը, փոխանակ հասկանա այս պարզագույն ճշմարտությունը, ավելի է խորացնում մենաշնորհները և փորձում է մեկ օլիգարխի տնտեսություն ստեղծելով՝ այս ամենը կենտրոնացնել իր ձեռքում: Իրեն թվում է, թե դրանով ավելի է ամրացնում իր իշխանությունը: Սակայն ամեն այսպիսի «ամրացման» արդյունքում ավելի է թուլանում պետությունը, և առնվազն կույր պետք է լինել՝ այս ճշմարտությունը չտեսնելու համար:

Ուրեմն, միակ փրկությունը և երկրի ամրապնդման գրավականը կարող է լինել մենաշնորհների քայքայումն ու իշխանության ապակենտրոնացումը, այլապես կհայտնվենք իրականում Սերժի երազած «Ապահով Հայաստանում», որտեղ պետության ապագան մազից է կախված…

Միսակ Մարտինյան

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-«Ռոմա». Միջադեպ մարզադաշտում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցի միջոցները յուրացնելու համար դատապարտված տնօրենը պատրաստվում է վերընտրվել’