‘
Ամերիկյան բանակի կապրալ Բրեդլի Մենինգը, որ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար երեկ դատապարտվեց 35 տարվա բանտարկության, հայտարարել է, որ իր կյանքի մնացած մասը մտադիր է անցկացնել որպես կին: «Ես Չելսի Մենինգն եմ: Ես կին եմ: Տեղի տալով մանկությունից ի վեր ինձ համակած զգացումին՝ ես ուզում եմ հնարավորիս շտապ սկսել հորմոնալ թերապիան,- NBC հեռուստաալիքի կայում տեղադրված հայտարարության մեջ ասում է նա:- Խնդրում եմ՝ այսօրվանից սկսած՝ ինձ դիմեք իմ նոր անունով: Ես անհամբեր սպասում եմ ձեր կարեկից արձագանքներին»: Ամերիկյան հեռուստաընկերության կայքը հրապարակել է նաև Մենինգի՝ կնոջ կերպարանքով լուսանկարը: Մենինգի հայտարարությունը հրապարակել է նրա փաստաբանը: Դատավարության ընթացքում Մենինգի պաշտպանությունը փորձում էր շեշտը դնել նաև այն հանգամանքի վրա, որ իր կանացի էության դեմ պայքարը դարձել է այն գործոններից մեկը, որի ազդեցությամբ Մենինգը որոշել է հրապարակել գաղտնի փաստաթղթերը, փոխանցում է vesti.ru-ն
‘