‘«Մենք ազատ ենք արձակվել, սակայն մեր 30 գործընկերներ դեռ բանտում են»’

1044

Ուրբաթ առավոտյան բանտից ազատ են արձակվել պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով ձերբակալված թուրք երկու լրագրողներ՝ Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի գրասենյակի ղեկավար Էրդեմ Գյուլը: Բանտի մոտ նրանց դիմավորել են բազմաթիվ համակիրներ:

Լրագրողները ձերբակալվել էին անցյալ տարվա նոյեմբերին՝ մի հրապարակման համար, որում ասվում էր, որ թուրքական իշխանությունները զենք են մատակարարում Սիրիայում իսլամիստներին: Սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ լրագրողներին առաջադրված մեղադրանքը խախտում է խոսքի ազատությունը:

Գործով դատավարությունը նշանակվել է մարտի 25-ին: «Դա դատավարություն է խոսքի ազատության նկատմամբ,- ասել է Դյունդարը:- Մենք ազատ ենք արձակվել, սակայն մեր 30 գործընկերներ դեռ բանտում են: Հուսով եմ, որ այս որոշումը նրանց ազատության համար ևս ճանապարհ կհարթի»: Մատնացույց անելով բանտը՝ Դյունդարը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել հանուն մամուլի ազատության այնքան ժամանակ, «քանի դեռ  այս համակենտրոնացման ճամբարը, որ տեսնում եք իմ թիկունքում, չվերածվի թանգարանի»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զինեդին Զիդանը կարող է լքել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն Պուտինին շփոթել է Մեդվեդևի հետ’