‘
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը որոշել է դուրս գալ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: «Անցած 6 ամիսներին հանձնաժողովի կարծիքներն ու քննարկումները ոչ մի նշանակություն չունեցան և չունեն Երևանի քաղաքապետի որոշումների և բաժինների համար: Այս պահին Երևանի սրտում՝ Օպերայի բակում երկու ապօրինի շինարարություններ են ընթանում` Ջազվե և Օրիենտո սրճարաններում:
Ամիսներ առաջ նախաձեռնության ներկայացրած ապօրինի 40 կառուցապատումների մասին չեն ստացել քաղաքապետարանի իրավական հիմնավորված պատասխանը, իսկ 20 առաջարկները և բյուջետային միջոցների մասնրամասն ծախսերի մասին հարցումները մնացել են անարձագանք:
Այդ թվում մինչև օրս քաղաքապետարանը չի պարզաբանել թե Խանջյան 28 հասցեում փլուզված շենքը երբ է ապամոնտաժվելու, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ Օպերային կից այգու սոսիների արմատներին թափված բետոնն ու շարվող պատերը վկայում են, որ Մաշտոցի պուրակից դասեր չեն քաղվել:
Ելնելով այն փաստից, որ Փակ շուկայի, Օպերայի և նշված 40 և ավելի դեպքերում քաղաքապետարանը չի կարողանում վերահսկել կատարվող կառուցապատումների օրինականությունը և դեմ գնալ առանձին անհատների շահերին՝ անիմաստ ենք համարում մեր մասնակցությունը էկոլոգիական հանձնաժողովին»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
‘