‘
Նախկին պրոֆեսիոնալ կողոպտիչ Դանիել Ռոխոն մի քանի տարի աշխատել է «Բարսելոնա» ակումբի պահպանության ծառայությունում, եւ համարվել է Լիոնել Մեսիի թիկնապահներից մեկը:
Մոտ 500 բանկ կողոպտած Ռոխոն 15 տարեկանից եղել է հանցավոր աշխարհում, սակայն 1997 թվականին որոշել է ուղղվել եւ աշխատել ֆուտբոլում: 2006 թվականին նա անցել է աշխատանքի «Բարսելոնայի» պահպանության ծառայությունում, երբ թիմի գլխավոր մարզիչը հոլանդացի Ֆրանկ Ռայկարդն էր: Ռոխոյի պարտականություններից են եղել ֆուտբոլիստներին տուն հասցնելը, երբ նրանք գիշերային ակումբներում ոգելից խմիչքներ են օգտագործել եւ չեն կարողացել մեքենա վարել:
«Մի անգամ ինձ ուղարկեցին, որ Մեսիին մարզումներից վերցնեմ,- պատմել է Ռոխոն La Gazzetta dello Sport-ին: -Նա շատ ամաչկոտ տղա էր: Երբ նա ճաշում էր, ես նրան պատմում էի իմ կյանքի մասին: Զրույցին նա առանձնապես չէր մասնակցում, որովհետեւ ասելու բան չուներ. Նրա կյանքում միայն մարզումներ եւ հանդիպումներ էին: Հիմա նոր են ակումբում նրան թույլատրել աղջիկների հետ ման գալ, նա միայն հիմա է սկսում հասկանալ, թե որն է իսկական կյանքը»:
Արդեն երկու տարի Ռոխոն չի աշխատում «Բարսելոնայում»: Նա պատմել է, որ անցած տարի ներկա է եղել թիմի խաղին, որից հետո ճաշել է արգենտինացու հետ, եւ Մեսին նրան մեքենայով տուն է տարել»:
‘