‘
Երեկ երեկոյան Վատիկանում Հռոմի նոր Պապ ընտրվեց արգենտինացի կարդինալ Խորխե Մարիո Բերգոլյոն, որը ընտրել է Ֆրանցիսկոս 1-ին անունը: Սա ի դեպ, վերջին 1000 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հռոմի Պապ է դառնում ոչ եվրոպացին:
Ֆրանցիսկոս 1-ինի ընտրությունը մեծ ոգեւորություն է առաջացրել նրա արգենտինացի հայրենակիցների, այդ թվում հանրահայտ դեմքերի շրջանում:
Մասնավորապես, Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր Թվիտերում գրել է, որ որոշել է 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը նվիրել Հռոմի Պապին: «Արգենտինացի Պապ: Ինչպիսի երջանկություն: Ֆրանցիսկ, ես ցանկանում եմ Ձեզ նվիրել 2014թ. Աշխարհի առաջնությունը:
Մեկ այլ արգենտինացի հարձակվող, «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Սերխիո Ագուերոն պակաս ոգեւորված չէ. «Պապը Արգենտինայից է: Ինչպիսի ուրախություն»:
Ի դեպ, Ֆրանցիսկոս 1-ինը ինքն էլ բավական սերտ առնչություն ունի ֆուտբոլի հետ: Նա արգենտինական «Սան-Լորենսո» ակումբի երկրպագու է (նկարում Պապը թիմի խորհրդանիշի հետ): Բերգոլյոն նույնիսկ ունի ակումբի անհատական քարտ, որը նա շահել է սիրելի թիմի հարյուրամյակի տոնակատարությունների ժամանակ: Եվ վերջապես, նոր Պապը համարվում է Լիոնել Մեսիի մոլի երկրպագու:
‘