‘
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակի ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպման (2:2) ընթացքում կատալոնացիները վնասվածքների պատճառով երկու խաղացող կորցրեցին՝ Լիոնել Մեսիին եւ Խավիեր Մասկերանոյին:
Մեսին վնասվածք ստացավ առաջին խաղակեսի վերջնամասում եւ ընդմիջմանը փոխարինվեց: Նախնական հետազոտություններից հետո նշվում է, որ նա մկանն է ձգել եւ կարող է բաց թողնել 3 շաբաթ: Եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա Մեսին չի մասնակցի ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 10-ին՝ Իսպանիայում, ինչպես նաեւ բաց կթողնի Իսպանիայի առաջնության երեք հանդիպում. «Մալյորկայի», «Սարագոսայի» եւ «Լեւանտեի» դեմ:
«Բարսելոնան» արդեն պաշտոնապես հաստատել է, որ այսօր Մեսին ավելի խորացված բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա վնասվածքի լրջությունը, ինչպես նաեւ ապաքինման ժամկետները:
Ինչ վերաբերում է Խավիեր Մասկերանոյին, ապա նա ավելի լուրջ վնասվածք է ստացել: Մասկերանոն երկրորդ խաղակեսի վերջնամասում վնասեց ծունկը եւ միայն պատգարակի միջոցով խաղադաշտից դուրս եկավ: Նշվում է, որ Մասկերանոն բաց կթողնի մոտ 6 շաբաթ:
‘