Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վստահ է, որ այս տարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին կարժանանա Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ով է այս տարի ստանալու «Ոսկե գնդակը»։ Բենզեման անցկացրեց հրաշալի մրցաշրջան եւ թիմի հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ կարեւորագույն դեր խաղալով այդ հաջողությունում։ Կարծում եմ՝ կասկած չկա, թե ով է լինելու այս տարի «Ոսկե գնդակի» դափնեկիրը»,- Մեսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
Բենզեման ստացել է Իսպանիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը՝ խփելով 27 գոլ։ Նա դարձավ նաեւ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն՝ 15 գոլ։
Ավարտված մրցաշրջանում Բենզեման Արքայական թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։