‘
Ինչպես երեկ երևում էր՝ ծագումով թուրք, Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը «Արսենալ» անխուսափելի է: Ֆուտբոլիստը տրանսֆերի հաստատումից հետո հետևյալ գրառումն է կատարել Facebook-ում: «Շնորհակալություն ձեզ երեք անմոռանալի մրցաշրջանների համար: Մադրիդում իմ ելույթները յուրահատուկ և անհամեմատելի էին որևէ այլ բանի հետ: Որոշ բաներ երբեմն լինում են ոչ այնպես, ինչպես սպասում ես: Ես լքում եմ «Ռեալը», բայց ձեզ և ակումբին ցանկանում եմ ամենալավը: «Արսենալը» շատ հանդուգն էր. սա մեծ ամբիցիաներով թիմ է, և ես ուրախ եմ նրա ապագայի մասնիկը լինելու համար:»
Գործարքի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռևս հայտնի չեն, բայց բրիտանական լրատվամիջոցները խոսում են 45 մլն €-ի մասին, որը կարող է դառնալ 50՝ կախված ակումբի նոր տիտղոսներից:
Ֆուտբոլիստի տեղափոխությունից մեծապես դժգոհ են «Ռեալ Մադրիդի» երկրպագուները, ովքեր համարում են, որ Օզիլը թիմի ուղեղն էր, և չարժե այդ դերը փոխանցել դեռևս երիտասարդ Իսկոյին: Երեկ Գարեթ Բեյլին պաշտոնական ներկայացման ժամանակ երկրպագուները, դիմելով նախագահ Ֆլորենտինո Պերեսին, վանկարկում են «Օզիլը չի վաճառվում», ինչին ի պատասխան՝ Պերեսը, շրջվելով նրանց կողմը՝ պահանջում է լռել:
‘