‘Մեսսիի հարվածի կատարելագործման գաղտնիքը ‘

1070

«Մեսսին դեռ պատանի էր, և 2004-2005 մրցաշրջանում, նա դեռ ընդամենը հետևում էր, թե ինչպես են Դեկուն և Ռոնալդինյոն, մարզումների ավարտից հետո, փորձարկում իրենց տուգանային հարվածները»,- պատմում է այդ ժամանակվա «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդի օգնականներից` Խուան Կարլոս Ունզուեն:

Ամիսներ անց, երբ 2005-ի սեպտեմբերին Լեոն արդեն լիիրավ առաջին թիմի անդամ էր, արդեն ընկերակցում էր այդ Բարսայի առաջատարների հետ մարզումային փորձերին, երբ նրանք բացի տուգանայինների իրացումից մրցում էին նաև` թե ով ավելի բարձր և  հեռու կարող է գնդակն ուղարկել: Ամենահետաքրքիրն այն էր, որ երկու գերաստղերը երիտասարդ Մեսսիի հետ այդ ամենը փորձում էին առանց խաղակոշիկների` բոբիկ ոտքերով:

 

Այդ ժամանակ Ռայկարդի թիմի մարզումները հիմնականում բաց էին լրատվամիջոցների և երկրպագուների համար, և նրանք հետևում էին, թե ինչպես են երկու բրազիլացիներն իրենց վարպետությունը փոխանցում 18-ամյա Մեսսիին, ով արդեն ուներ իր նախընտրած գոտին աջ կողմում, որտեղից իր հարվածները ավեի լավ էին ստացվում: Հետաքրքիր է , որ բոբիկ ոտքերով ուժգին հարվածներից հետո, երեքից ոչ մեկն էլ ցավ չեր արտահայտում, իսկ Լեոն լրագրողներին պատասխանում էր, որ շատ ավելի լավ է  զգում գնդակը՝ առանց խաղակոշիկների:  Չնայած նրան,  որ այդ տարիներին խաղերի ժամանակ տուգանայիններն իրացնելու համար Լեոն գնդակին չէր մոտենում, որոնց համար հերթ չէր հասնում նույնիսկ Սամուել Էտո’օյին և Ռաֆա Մարկեսին, միևնույն է նա արդեն աչքի էր ընկնում իր հարվածի տեխնիկայով:

\"\"

Գվարդիոլայի և Վիլանովայի առանցքային դերը

Գվարդիոլայի` 2008-ին գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո թիմը լքեցին Դեկուն և Ռոնալդինյոն, և հենց Գվարդիոլայի օգնական՝ այժմյան Բարսայի արդեն գլխավոր մարզչի Տիտո Վիլանովայի խորհրդով Պեպը սկսեց նրան ընդգրկել ստանդարտ իրավիճակներբ իրացնող խաղացողների մեջ: Վիլանովան Լեոյի ուժեղ կողմերին ծանոթ էր դեռևս արգենտինացու մանկապատանեկան տարիքից՝ հանդիսանալով 2003-ին Բարսայի  «Կադետե Բ»-ի գլխավոր մարզիչ, որտեղ բացի Մեսսիից հանդես էին գալիս Ֆաբրեգասն ու Պիկեն: Ընդհանրապես, Գվարդիոլայի գալստուստը նոր թափ հաղորդեց Մեսսիի զարգացման ընթացքին: Գվարդիոլայի օրոք Մեսսին դարձավ շատ ավելի արդյունավետ խաղացող, ի շնորհիվ հենց նրա,  որ երկու մարզիչներին հաջողվեց գրեթե վերջնակապես սպանել լատինաամերիկացիներին բնորոշ եսասիրությունը և գնդակով երկար լինելու կախվածությունը: Պեպը հատուկ ուշադրություն էր հրավիրել նաև նրա հարվածները կատարելագործելու վրա, և մարզումներից հետո նրան էր «զոհաբերում» երկու պահեստային դարպասապահներ` Ժորկերային և Պինտոյին: Բացի դրանից, իր կարճ հասակով հանդերձ, արգենտինացին սկսեց ավելի լավ խաղալ գլխով: Եվ հակառակ նրան, որ վառ արտահայտված ձախլիկ է` սկսեց ավելի հաճախ օգտագործել նաև աջ ոտքը: 2009-ին գլխով հեղինակեց մինչ այսօր իր կարիերայի լավագույն և ամենակարևոր գոլերից մեկը` ՉԼ-ի եզրափակչում գրավելով Վան դեր Սաարի դարպասը, իսկ աջ ոտքով արդեն դարձել է 30-ից ավել գոլերի հեղինակ:

Սկզբում շատ դժվար էր պատկերացնել,  որ Լեոն կարող է այսքան հաջող իրացնել տուգանայինները, բայց հիմա նրան սկսել են համեմատել Միխայլովիչի և Ռիվալդոյի հետ: Այս մրցաշրջանում նա տուգանայինից երկու անգամ աչքի է ընկել «Սուպերկլասիկո»-ներում և երկու անգամ էլ ազգային հավաքականի կազմում` լռեցնելով այն ֆուտբոլասերներին, ովքեր հրաժարվում էին Լեոյին համարել կատարյալ խաղացող: «Մենք իրոք չգիտենք, թե որտեղ են Մեսսիի սահմանները, և ամեն անգամ, երբ մրցակցին թվում է, թե գիտի նրա բոլոր ուժեղ կողմերը, Լեոն բոլորին զարմացնում է, դրսևորելով իրեն մի նոր կողմից»,- ասում է Տիտո Վիլանովան:

Պետք է ընգծել, որ չնայած իր մեծ հեղինակությանը, Պեպին չէր հաջողվում Մեսսիին ընդամենը հանգստանալու համար թողնել պահեստայինների կազմում, և պատահական չէ, որ հենց Տիտոյին, ով արգենտինացուն ճանաչում է 14 տարեկանից, հաջողվեց երկար ընդմիջումից հետո համոզել նրան նստել պահեստայինների նստարանին, ազգային հավաքականի կազմում հանդես գալուց հետո: Առաջին անգամ դա տեղի ունեցավ «Խետաֆե»-ի դեմ, իսկ երկրերդ անգամ դա կարող է կրկնվել այս շաբաթվա ավարտին «Դեպորտիվո»-ի դեմ խաղում:

Պատրաստեց Դավիթ Քիրամիջյանը՝ ըստ կատալոնացի լրագրող Դիդաչ Պերյետի:

 

 

Նախորդ հոդվածը‘Գալիանի. «Միլանը» ոչ ռուսներին ենք տալու, ոչ էլ՝ արաբներին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 նոր անդամները հայտնի են’