‘Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում ‘

925

Հայ գրող, բանաստեղծ Մետաքսեի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Մետաքսեի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում (Երևան): Վերջին հրաժեշտը և հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 13-ին, ժամը 12:00-13:00, ՀՀ Շիրակի մարզի Արևշատ գյուղի եկեղեցում:

Ավտոբուսները կմեկնեն Արևշատ գյուղ օգոստոսի 13-ին, ժամը 09:00-ին, Հայասատանի գրողների միության շենքի մոտից (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 3): Մետաքսեի մահվան կապակցությամբ

հանձնաժողովը տարածել է նաև հայտարարություն, որը ներկայացնում են ստորև:

«Հայ գրականությունը ցավալի կորուստ կրեց. կյանքի 88-րդ տարում վախճանվեց ճանաչված բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, 1963 թվականից ՀԳՄ անդամ Մետաքսեն

(Մետաքսե Սերոբի Պողոսյան): 

Մետաքսեն ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ): Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ.

Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91 թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95 թթ.): ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990 թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և բազմաթիվ այլ լեզուներով։ Մետաքսեի թարգմանությամբ համաշխարհային գրականության մի շարք նշանակալից գործեր հնչել են հայերեն: Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է շուրջ 35 գրքի, այդ թվում՝ «Զգույշ, սիրտ է» /1974 թ./, «Լեռները լալիս են գարնանը» /1987 թ./, «Զրույց աշխարհի հետ» /2007 թ./, «Սերս ծոցիս մեջ մնաց» /2009 թ./, «Մենք ենք ու մենք» /2011 թ./ և այլն, որոնք գնահատվել ու սիրվել են մասնագետների և ժողովրդի կողմից՝ լայն ճանաչում բերելով հեղինակին:

Արևշատի միջնակարգ դպրոցը կոչվել է Մետաքսեի անունով:

Իր գրական երկարամյա վաստակի, հայրենասիրական ու քաղաքացիական ակտիվ գործունեության համար Մետաքսեն արժանացել է մի շարք պետական ու

հասարակական պարգևների՝ «Մովսես Խորենացի» մեդալի /2008 թ./, Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի /2011 թ./,

«Երկրապահ» շքանշանի /2006 թ./, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Զորավար Անդրանիկ», 1992-1994 թթ. Արցախի ազատագրական պայքարում կատարած հատուկ ծառայության համար՝ «Հայոց ազգային բանակ» մեդալներով: Պարգևատրվել է նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» մեդալով»,- ասված է Կառավարական հանձնաժողովի հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մի քանի արձանագրումներ վերջին իրադարձությունների առիթով’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում’