‘
iLur.am-ը արդեն տեղեկացրել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խիստ նկատողություն է հայտարարել Մետրոպոլիտենի տնօրենին՝ «Երիտասարդական» կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով:
Խոսքը կայարանի ներքին անցման 60 մետրանոց հատվածի մասին է, որտեղ երեկ կրպակաշարի մետաղական կոնստրուկցիաներ էին հայտնվել: Ինչպես վկայում էին դրանց վրա փակցված ազդագրերը, կրպակներում գրքեր էին վաճառվելու: Մետրոպոլիտենի աշխատակցուհիներից մեկը iLur.am-ի թղթակցին երեկ ասաց, որ այստեղ են տեղափոխվելու հարևանությամբ գտնվող գետնանցումից վտարված գրքավաճառները:
Այսօր առավոտյան, սակայն, քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ որ կրպակաշարն ապօրինի է և արդեն ապամոնտաժվել է:
iLur.am-ը Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Նինել Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է պատահել, որ բանուկ վայրում, ինչպես ասում են, օրը ցերեկով ապօրինի շինություն է հայտնվել:
Տիկին Վարդանյանն ասաց, որ մեզանից է տեղեկանում տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու փաստի մասին: Իսկ մեր հարցերին ի պատասխան նշեց, որ «Երիտասարդականի» կրպակաշարի հետ կապված որևէ մեկնաբանություն չի տալու: «Ես տնօրենին նկատողություն հայտարարելու մասին տեղյակ եմ քաղաքապետարանի հայտարարությունից, այսինքն, խնդրի սկզբնաղբյուրն էլ պետք է փնտրել քաղաքապետարանում» , — ասաց Նիինել Վարդանյանը՝ խորհուրդ տալով կրպակաշարի կառուցման հիմքերին ծանոթանալ քաղաքապետարանի Yerevan.am կայքում ապրիլի 2-ին տեղադրված ծանուցման մեջ:
«Այսինքն, դուք պնդում եք, որ կրպակաշարի կառուցումն, այնուամենայնիվ օրինական թույլատվությու՞ն է ունեցել», — հարցրինք: «Ծանոթացեք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում երեկ կեսօրից հետո տեղադրված նյութին, և ամեն ինչ պարզ կլինի», — ասաց Նինել Վարդանյանը:
Ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի կայքէջի՝ ապրիլի 2-ով թվագրված ծանուցումների մեջ «Երիտասարդականի» կրպակաշարերի վերաբերյալ որևէ նյութ չկա:
«Աբսուրդ է, ապատեղեկատվություն: Կրպակաշարի վերաբերյալ երեկ որևէ նյութ կայքում չի տեղադրվել, այլապես, դրա մասին լրատվամիջոցները նույնպես տեղյակ կլինեին», — iLur.am-ին ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը՝ մի քանի անգամ կրկնելով, որ քաղաքապետարանը կրպակաշարի կառուցման մասին տեղեկացել է post factum` մամուլում հայտնված հրապարակումներից հետո: Իսկ գուցե կարգապահական տույժի ենթարկված մետրոպոլիտենի տնօրենը նու՞յնպես տեղյակ չէր այդ շինությունից, ինչպես քաղաքապետարանը տեղյակ չի եղել: «Տնօրենը պարտավոր էր տեղյակ լինել, որ առանց քաղաքաշինական թույլտվության կայարանում նման բան է կառուցվում», — ասաց Արթուր Գևորգյանը:
Փաստորեն, բավական տարօրինակ պատմություն է ստացվում. Երևանի մետրոյի ամենաբանուկ կայարանում, նախ, 60 մետրանոց կրպակաշար է հայտնվում, այնուհետև պարզվում է, որ այն անօրինական է, և նման դեպքերի համար կայծակնային արագությամբ, մեկ օրվա ընթացքում կրպակաշարն ապամոնտաժվում է (բավական է հիշել միայն, որ Մաշտոցի պուրակի՝ նույնքան անօրինական կրպակաշարն ապամոնտաժվեց միայն մի քանի ամիս տեւած ցույցերից հետո, բառացիորեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այն էլ, Սերժ Սարգսյանի հայտնի «Տարոն ջան, սիրուն չի» հայտնի խոսքերի մոգական ուժով): Մետրոպոլիտենի ներկայացուցիչը իր տարակուսանքն է հայտնում կրպակների՝ ապօրինի դառնալու փաստի առիթով, պնդելով, որ բոլոր հարցերի պատասխանները գտնվում են բացառապես Երևանի քաղաքապետարանում: Իսկ քաղաքապետարանն էլ, հասկանալի է, պնդում է, որ գործում է օրենքի դաշտում՝ գոհունակությամբ շեշտելով, որ կարողացել է օպերատիվ կերպով հայտնաբերել ապօրինությունը և պատժել մեղավորին, տվյալ դեպքում՝ մետրոպոլիտենի տնօրենին:
Իսկ առջևում, հիշեցնենք, Երևանի քաղաքապետի ընտրություններն են:
Հակոբ Կարապետյան
‘