‘
Նոյեմբերի 14-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Քանի որ այսօրվանից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է արձակուրդ, որը կանցկացնի արտերկրում, նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Առաջինը քվեարկության դրվեց երեկ ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված և արտահերթ ընթացակարգով քննարկված «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 45 000 դրամ: Դաշնակցության օրենսդրական նախաձեռնությունը մերժվեց ձայների 58 «դեմ», 37 «կողմ» հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն արդեն ընդունել էր կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների ու լրացումների մասին օրինագիծը, որով հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 35 000 դրամ՝ ներկայիս 32 500-ի փոխարեն:
‘