‘Մերկելը կասկածում է Պուտինի և Պոռոշենկոյի հանդիպման հաջողությանը’

769

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պոռոշենկոյի հանդիպումը Մինսկում որևէ շրջադարձի չի հասցնի: Կիրակի՝ օգոստոսի 24-ին ելույթ ունենալով գերմանական ARD հեռուստատեսությամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Միևնույն ժամանակ՝ Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական երկխոսությունն անհարժեշտ է, և Ուկրաինայի արևելքում ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն խաղաղ ճանապարհով: «Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Օգոստոսի 23-ին Մերկելն աշխատանքային այցով եղել է Կիևում և հանդիպել նախագահ Պոռոշենկոյի հետ: Նա հայտարարել է, որ այսօրվա դրությամբ օրակարգում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չկան, սակայն դրանք կարող են սահմանվել, եթե իրավիճակն Ուկրաինայում վատթարանա: Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բեռլինը  պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ամեն ինչ կանի՝ թույլ չտալու համար Եվրոպայի նոր վերաձևում: Այդ առնչությամբ նա Ռուսաստանին կոչ է արել պաշտպանել Կիևի խաղաղության ծրագիրը, քանի որ հնարավոր չէ հասնել խաղաղ կարգավորման, երբ կողմերից մեկն է միայն պաշտպանում խնդրի դիվանագիտական լուծման ճանապարհը, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«2014-ի հայրենական պատերազմը»’
Հաջորդ հոդվածը‘«Միկա-ցեմենտը» երկրորդ «Նաիրիտն» է դարձել. «Հրապարակ»’