‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե այլևս հնարավոր չի համարում Հունաստանի պարտքերը չեղյալ հայտարարելը:
«Մասնավոր պարտատերերը հրաժարվել են դա անել, իսկ բանկերն առանց այդ էլ Հունաստանին մի քանի միլիարդի պարտք են ներել: Ես հնարավոր չեմ համարում այսուհետև նույնպես այդ պարտքերը զիջելը»,- Մերկելի խոսքն է մեջբերում Hamburger Abendblatt թերթը:
Մերկելը հիշեցրել է, որ Աթենքին ֆինասական օգնության նոր փաթեթ տրամադրելու պայմաններից մեկը եղել է երկրում բարեփոխումների իրականացումը:
«Եվրոպան կշարունակի համերաշխություն դրսևորել Հունաստանի և մյուս երկրների հետ, որոնք տուժել են ճգնաժամից, եթե այդ երկրները ջանան կյանքի կոչել բարեփոխումները և տնտեսեն,- հավաստիացրել է Գերմանիայի կանցլերը:- Մենք՝ Գերմանիան և եվրոպական մյուս գործընկերները, կսպասենք և կտեսնենք, թե ինչ ծրագիր է մեզ ներկայացնելու Հունաստանի նոր կառավարությունը»:
Փոխանցում է ТАСС-ը:
‘