‘
Գերմանիայի նոր կառավարության ձեւավորման շուրջ արդեն մեկ ամիս ընթացող բանակցությունները ձախողվել են այն բանից հետո, երբ այդ բանակցություններից դուրս եկավ Ազատ դեմոկրատների կուսակցությունը: ԱԴ-ի այդ քայլից հետո Մերկելի քրիստոնյա-դեմոկրատները կորցրել են Բունդեսթագում մեծամասնություն ստանալու հնարավորությունը: Այժմ Գերմանիային, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական նոր ընտրություններ են սպասվում:
Ազատ դեմոկրատների այս քայլից հետո հետագա բանակցություններից հրաժարվել են նաեւ «կանաչները»՝ բանակցությունների երրորդ կողմը: Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ այսօր բանակցությունների ձախողման մասին կտեղեկացնի Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:
Նշվում է, որ տեսականորեն հնարավոր է ձեւավորել փոքրամասնության կառավարություն, սակայն դա հակասում է հետպատերազմյան Գերմանիայի քաղաքական ավանդույթներին, եւ ինչպես ինքը՝ Մերկելն է հայտարարել, ինքը պատրաստ չէ «ղեկավարել փոքրամասնությունը»: Խորհրդարանի նոր ընտրություններ կարող են անցկացվել միայն նոր կանցլերի ընտրությունից հետո. իսկ նոր կանցլեր դառնալու համար պետք է ստանալ քվեների կեսից ավելին:
‘