‘
Գերմանիայի կանցլերի ընտրություններում այդ պաշտոնի հիմնական հավակնորդներից Պեեր Շթայնբրյուքը, ի պատասխան լրագրողների կողմից հնչեցված անհաճո հարցի՝ ցույց է տվել ձախ ձեռքի միջնամատը, գրում է Sueddeutsche Zeitung-ը:
Շթայնբրյուքը մասնակցել է այդ պարբերականի ՝ «Հիմա ոչինչ մի ասեք» անվանմամբ ֆոտոնախագծին: Ըստ այդ նախագծի՝ հարցազրույցի մասնակցին մի քանի հարց է տրվում (այս դեպքում յոթ հարց է տրվել), որոնց նա պետք է պատասխանի միայն դիմախաղով և ժեստերով, ինչն արձանագրում է լուսանկարչի խցիկը: Այնուհետև «հարցազրույցը» հարապարակվում է «հարց- լուսանկար» ձևաչափով, պարզաբանում է РИА Новости-ն:
Ոչ բոլոր հարցերն են վերաբերել քաղաքականությանը: Այսպես, լրագրողներին հետաքրքրել է, թե որն է Շթայնբրյուքի ընտանեկան երջանկության գաղտնիքը, արդյո՞ք նա վերնաշապիկի տակից շապիկ հագնում է, ինչպես նաև՝ ինչպես է վերաբերվում այն տհաճ մականուններին, որ տալիս են իրեն՝ «Պեեր-անհաջողակ», «Պեեր-խնդիր», «Պեերլուսկոնի» և այլն: Այս վերջին հարցին Շթայնբրյուքն արձագանքել է արհամարհական դիմախաղով և անպարկեշտ ժեստով: Հենց այդ լուսանկար-պատասխանն էլ գերմանական թերթը տեղադրել է իր ուրբաթօրյա համարի առաջին էջում:
Բունդեսթագի ընտրությունները, որի արդյունքում նոր կառավարություն կկազմավորվի, և կընտրվի նոր կանցլեր, Գերմաիայում անցկացվելու են սեպտեմբերի 22-ին, փոխանցում է newsru.com-ը:
‘