‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտում է հետխորհրդային երկրների ներքին գործերին, և նշել է երեք երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան և Մոլդովա: «Մեր այս երեք արևելյան հարևանները ինքնիշխան որոշում են կայացրել ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր: Եւ Ռուսաստանը խնդիրներ է ստեղծում երեքի համար էլ»,- ասել է Մերկելը Welt թերթին տված հարցազրույցում:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կկատարի արտաքին ագրեսիայից պաշտպանելու իր պարտավորություններն այն արևելյան երկրների նկատմամբ, որոնք արդեն իսկ ընդգրկվել են այդ կառույցում, մասնավորապես՝ Լեհաստանի և Բալթյան երկրների: «Ոչ մի պատճառ չկա խոսելու Բալթիկայում պատերազմի մասին: Սակայն անկախ դրանից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 5 հոդվածը, որը դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը մեկնաբանում է որպես հարձակում բոլորի վրա, մնում է ուժի մեջ»,- հայտարարել է Մերկելը:
Ռուսաստանի պաշտոնատար անձինք մշտապես կտրուկ դեմ են արտահայտվում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք, փոխանցում է BBC-ն:
‘