‘
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ստանձնել է Մերձմոսկվայում ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է SITE Intelligence Team դիտորդական խումբը:
Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ խմբավորումը հայտարարել է, թե ոստիկանների վրա կացնով հարձակում գործած չեչենները, որոնք փորձել են նրանցից խլել զենքը, «Իսլամական պետության ռազմիկներ» են եղել: Այդ մասին տեղեկությունը հայտնվել է ԻՊ-ի «լրատվական գործակալությունը» համարվող Amaq-ի լուրերի ժապավենում:
Օգոստոսի 17-ին մերձմոսկովյան ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա են հարձակվել երկու հոգի, որոնցից մեկը զինված է եղել կացնով: Ի պատասխան՝ ոստիկանությունը կրակ է բացել: Հարձակում գործած անձինք սպանվել են, ևս մի ոստիկան վիրավորվել է իր ծառայակիցների արձակած գնդակից:
Սկզբում ՆԳՆ-ն հաղորդել էր, թե հարձակվողները Միջին Ասիայից են եղել, սակայն հինգշաբթի Интерфакс-ի աղբյուրը հայտարարել էր, թե նրանք Չեչնիայից են:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԻՊ խմբավորումը ստանձնում է Ռուսաստանի տարածքում կատարված հարձակման պատասխանատվությունը, սակայն բոլոր նախորդ դեպքերը տեղի են ունեցել Կովկասում: Փոխանցում է BBC-ն:
‘