‘Մեր հաղթանակի գաղտնիքներից մեկը’

8912

Դիտելով Չինարի գյուղից մեր գերեվարված հայորդու` ադրբեջանցիների կողմից կտտանքների ենթարկվելը, հիշեցի, որ արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները նույն կերպ էին վարվում հայ գերիների հետ, իսկ հայկական կողմը ոչ միայն նրանց չէր նվաստացնում, այլեւ լինում էին դեպքեր, երբ փոխանակումից առաջ նրանց գրպանը 50  դոլար էին դնում, ու ադրբեջանցի գերիները, վերադառնալով Ադրբեջան, բոլորին պատմում էին դրա մասին, ինչից հետո նրանց ընկերները նույնպես ցանկանում էին գերի ընկնել հայկական կողմին, որպեսզի «պարգևատրում» ստանան, իսկ հայերը մինչև վերջ կռվում էին, որ հանկարծ ադրբեջանական գերության մեջ չհայտնվեն:

Մի բան էլ. Մոնթե Մելքոնյանը ազգի դավաճան էր համարում նրանց, ովքեր կփորձեին նվաստացնել  գերության մեջ հայտնված մարդուն, իսկ այդպիսիներին առաջարկում էր անպաշտպան մարդու վրա ձեռք բարձրացնելու փոխարեն` գնալ ու կռվել զինված թշնամու դեմ, իսկ ադրբեջանցի գերիներին նույնիսկ իր կերակուրի կեսն էր տալիս:

Ու մենք հաղթեցինք ոչ թե դաժանության շնորհիվ, այլ ճիշտ հակառակը՝ մեր զինվորների ու հրամանատարների բարձր մարդկային հատկանիշների շնորհիվ:

Ու ընդհանրապես, այս կյանքում հաղթում են ոչ թե դաժանությունն ու ստահակությունը, այլ վեհությունն ու մեծահոգությունը:

Միգուցե մեղադրվեմ իդեալիստ լինելու համար, սակայն, պարզ մարդկային տրամաբանությունն էլ է ստիպում հասկանալ, որ դաժանություն է գործադրում թույլ կողմը, իսկ ուժեղի ինչի՞ն է պետք ստորություն անելը:

Մեր այսօրվա իշխանություններն իրենց գործողություններով փորձում են նմանակել Ադրբեջանին և նրա հետ մրցակցում են` Ադրբեջանի պարտադրվող պայմաններով: Սակայն, եթե մենք ցանկանում ենք միշտ հաղթանակած լինել հակառակորդի նկատմամբ, ապա ոչ թե պետք է նրա հետ դաժանությամբ մրցակցենք, այլ պետք է ցույց տանք և՛ ադրբեջանցիներին, և՛ ամբողջ աշխարհին, որ մենք մի քանի աստիճան Ադրբեջանի բնակչությունից մարդասեր ու հոգեպես բարձր ենք, ու ցանկացած հանցագործ ամեն դեպքում իրավունք ունի մարդկային վերաբերմունքի ու, բնականաբար, արդար դատաստանի՝ իր կատարած հանցագործությունների համար:

ԱՄՆ-ում նահանգներ կան, որտեղ մահապատիժը արգելված չէ, բայց նույնիսկ մոլագարներն ու մարդասպաններն են արժանանում մարդկային վերաբերմունքի ու առանց տանջանքի մահվան:

Չինարի գյուղից գերեվարված այս գյուղացի տղայի օրինակով ամբողջ աշխարհին պետք է ցույց տրվի մեր և ադրբեջանցիների տարբերությունը, և հենց այս օրինակով ապացուցվի, թե ինչու Արցախի բնակիչները երբևէ չեն կարող ապրել Ադրբեջանի հետ համատեղ պետության մեջ, որտեղ միայն ազգային պատկանելության համար մարդկանց կարող են տանջամահ անել:

Նայելով արդեն հայտնի տեսանյութը` հասկացա, որ այդ հայ գյուղացի տղան, որը, ըստ Չինարիի գյուղապետի, գրել-կարդալ էլ չգիտի՝ նույնիսկ ստիպողաբար ծնկի իջած վիճակում հոգեպես ավելի բարձր վիճակում է, քան այն ադրբեջանական գեներալը, որը փորփրում էր այդ տղայի հեռախոսը և, իբր, հետաքննություն իրականացնում:

Հ.Գ. Մինչ այս հոդվածը կտեղադրվեր, տեղեկություն ստացվեց, որ գերեվարված Կարեն Պետրոսյանը սպանվել է ադրբեջանցիների կողմից: Աստված լուսավորի նրա հոգին: …Բայց նույնիսկ ադրբեջանցիների կատարած այսպիսի սարսափելի ոճրագործությունից հետո` չպետք է փոխվի մեր դիրքորոշումը նրանց գերիների նկատմամբ:

Առաքել Սեմիրջյան

Նախորդ հոդվածը‘Դիեգո Մարադոնա .«Ինչո՞ւ ինձ չնշանակեցին Արգենտինայի հավաքականի մարզիչ, եթե Դունգան գլխավորում է Բրազիլիայի հավաքականը» ‘
Հաջորդ հոդվածը‘Հուլիսի 1-ից օգոստոսի 5-ը դիվերսիայի հետևանքով սպանվել է 6, վիրավորվել 14 հայ զինծառայող. «Առավոտ»’