‘
Մեքսիկայում գտնվելու մի քանի ժամերի ընթացքում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մեքսիկացիները հրաշալի և պայծառ մարդիկ են: Նրա այս բնութագրումները խիստ հակադրության մեջ են այն ամենի հետ, ինչ նա ասել էր նախկինում՝ մեքսիկացի գաղթականներին անվանելով մարդասպաններ և հանցագործներ:
Դեռ մինչև այցի մեկնարկը՝ մեքսիկացիներն առանց երկիմաստության այն կարծիքն էին հայտնել, որ Թրամփը չպիտի հույս ունենա, թե իրեն գրկաբաց կընդունեն Մեքսիկայում:
Այցից հետո շատերն են քննադատում Մեքսիկայի նախագահին՝ Թրամփին պաշտոնական հրավեր ուղարկելու համար: Նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նախագահական որակները կասկածի տակ են հայտնվել: Թրամփի այցը լրատվամիջոցները մեկնաբանում են որպես կապիտուլյացիա Մեքսիկայի առաջնորդի կողմից, «որն ընդունակ չէ պաշտպանելու բոլոր մեքսիկացիներին՝ հենց երկրի ներսում և նրա սահմաններից դուրս»:
«Նախագահը Թրամփին թույլ տվեց ստորացնել իրեն և մեքսիկացի ժողովրդին՝ հենց մեր երկրում: Իսկ հետո Թրամփը վերադարձավ ԱՄՆ՝ Արիզոնա, և սկսեց ծաղրել նախագահին, ծիծաղել նրա ասածների վրա… Ես նույնիսկ պատկերացնել չեմ կարող, թե ավելի վատ ինչ կարող էր լինել»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է մեքսիկական խորհրդարանի ընդդիմադիր Դեմոկրատական հեղափոխության կուսակցության մի անդամ: «Ես չեմ կարծում, թե մեզ անչափ վիրավորած մարդու հետ հանդիպումը խիզախ քայլ էր»,- Մեքսիկայի ամենահեղինակավոր հեռուստաշոուի ընթացքում հայտարարել է պատմաբան Էնրիկե Կրաուզեն:
Փոխանցում է BBC-ն:
‘