‘
Ընտրատեղամասերից դուրս եկողների հարցումների արդյունքներով՝ Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթում է երկրի մայրաքաղաք Մեխիկոյի նախկին ձախակողմյան քաղաքապետ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը:
Էքզիթ-պոլի համաձայն՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների 53 %-ը: Օբրադորի երկու հիմնական մրցակիցները խոստովանել են իրենց պարտությունը:
Ընտրությունները Մեքսիկայում տեղի են ունեցել քաղաքական թշնամանքի սրացման և աննախադեպ բռնությունների մթնոլորտում: Անցյալ տարվա սեպտեմբերին ընտրական կամպանիայի մեկնարկից ի վեր զոհվել են ավելի քան 130 թեկնածուներ և քաղաքական կուսակցությունների ակտիվիստներ:
64-ամյա Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որին իր երկար անվան պատճառով հաճախ կարճ անվանում են Ամլօ՝ անվան սկզբնատառերով, հաղթանակի դեպում խոստացել է վճռական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ: Նրա ղեկավարած դաշինքը կարող է իշխանությունից հեռացնել երկու պահպանողական կուսակցությունների, որոնք գրեթե հարյուր տարի իշխում են Մեքսիկայում:
Այս ընտրարշավը ամենակոշտն էր երկրի ողջ պատմության ընթացքում: Միլիոնավոր մեքսիկացիներ դժգոհ են նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյից և նրա վարչակազմից, որոնց մեղադրում են թույլ տնտեսության, կոռուպցիայի, հանցավորության աճի և անօրինականության համար:
Փոխանցում է BBC-ն:
‘