‘
Եվրախորհրդարանի առաջին նիստը, որում քննարկվել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքը, անցել է բավական բուռն վեճերի մթնոլորտում: Նիստը բացելով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ բրիտանացի ժողովրդի կամքը պետք է հարգել, ինչին բուռն ծափահարություններով և ոգևորված բացականչություններով է արձագանքել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու քարոզարշավի առաջնորդներից մեկը՝ Միացյալ Թագավորության անկախության կուսակցության (UKIP) ղեկավար Նայջըլ Ֆարաջը:
«Դուք պայքարում էիք հօգուտ դուրս գալու, բրիտանացի ժողովուրդը քվեարկել է հօգուտ դուրս գալու: Դուք ի՞նչ գործ ունեք այստեղ»,- խորհրդարանի ծափահարությունների ուղեկցությամբ հակադարձել է Ժան-Կլոդ Յունկերը:
Բելգիայի նախկին վարչապետ Գի Վերհոֆստադը, որը Եվրախորհրդարանում գլխավորում է լիբերալների խումբը, հայտարարել է, որ Ֆարաջն իր քարոզարշավի ընթացքում օգտագործել է «նացիստական քարոզչություն»՝ նկատի ունենալով հսկայական պաստառը, որի վրա պատկերված էին հերթ կանգնած փախստականներ: «Վերջապես մենք կազատվենք բյուջեի ծախսերի ամենաանհեթեթ հոդվածից, որ գոյություն ունի 17 տարի՝ ձեր աշխատավարձի վերաբերյալ»,- ասել է նա Ֆարաջին:
Եվրոպական ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը Ֆարաջին ասել է. «Դադարեցրեք ձեր ամբոխահաճո վատաբանությունները Բրյուսելի հասցեին»:
Ի պատասխան՝ UKIP-ի ղեկավարը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը չի ուզում ընդունել իր սեփական թերությունները: Նա ասել է, որ պատգամավորներից որևէ մեկը դժվար թե իր կյանքում երբևէ իսկական աշխատանք է ունեցել կամ թեկուզ մի աշխատատեղ է ստեղծել: «Մենք ողջ եվրոպական մայրցամաքին հոյսի շող ենք պարգևում,- հայտարարել է Ֆարաջը:- Մեծ Բրիտանիան վերջին պետությունը չի լինի, որ լքում է ԵՄ-ն»:
Փոխանցում է BBC-ն:
‘