‘ՄԹ պետնախարար. Ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո’

2068

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի 2007 թ. Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղի շրջակա «օկուպացված տարածքների» վերադարձ, փախստականների` իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում` իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում, որն առնվազն կապահովի վերջինիս անվտանգությունը և ինքնավարությունը: Այդ մասին Բաքվում ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնը, հայտնում է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը`ի պատասխան ԱրմԻնֆո-ի հարցմանը:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները բրիտանացի նախարարի խոսքը ձեւափոխել էին այնպես, թե իբր Լիդինգթոնը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի շրջակա «օկուպացված տարածքները» և Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին:

Այնուհետև բրիտանացի նախարարն ընդգծել է, թե պետք է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինով ցամքային միջանցք ապահովվի: Ըստ որում, նա ընդգծել է, որ ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո: «Պետք է ստեղծվեն նաև անվտանգության միջազգային երաշխիքներ`ներառյալ խաղաղապահ գործողությունների իրականացումը»,- հայտարարել է Լիդինգթոնը:

Ըստ որում՝ նա նշել է, որ հիմնախնդրի վերջնական լուծում կարող է ձեռքբերվել միայն հակամարտության կողմերի միջև: «Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակություններին խաղաղության համաձայնագրի չեն նախապատրաստում»,- նշել է բրիտանացի նախարարը:

 

Նախորդ հոդվածը‘Սուարեսը Ջերարդի մասին. «Նման սխալ անել վիճակվում է իսկական առաջատարին, ակումբի սանին, ավագին ու նվիրյալին…» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.50 դրամ/դոլար’