‘Միայնակ` բոլորի դեմ, կամ Սերժ Սարգսյանը՝ «կաղ բադիկ»’

1411

Մարդու այլասերումը թե՛ որպես անհատականություն, թե՛ որպես պաշտոնյա շատ անգամ սկսվում է այն ժամանակ, երբ նա հայտնվում է մի տեղում, որն օբյեկտիվորեն իրենը չէ: Ասվածի վառ օրինակ է Սերժ Սարգսյանը: Նա երբևէ չի ընտրվել ՀՀ նախագահ և դա քաջ գիտակցում է, սակայն, փաստացի, այսօր նա գտնվում է Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում:

Եվ ահա, այս իրավիճակում Սերժ Սարգսյանն ունի երկու ճանապահ` կամ, ի վերջո, ընդունել, որ այն տեղը, որը նա զավթել է ապօրինբար, իրենը չէ, և հրաժարական տալ, կամ էլ շարունակել ապօրինի պաշտոնավարել՝ շատ լավ իմանալով, որ ինքն օրինական նախագահ չէ: Թվում է, թե առաջին տարբերակը պարտվողական է, սակայն երբ խնդրին նայում ենք ռացիոնալ տեսանկյունից, ապա հստակ երևում է, որ դա հենց այն ճանապարհն է, որը կարող է գոնե տեսականորեն փրկել Սերժ Սարգսյան քաղաքական գործչին և մարդուն:

Իշխանությունը ինքնակամ հանձնել և արժանապատվորեն հեռանալ Սերժ Սարգսյանին դեռ 2008 թ. Ազատության հրապարակում հազարավոր ցուցարարների ներկայությամբ հորդորել է անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն Սերժ Սարգսյանը ընտրեց երկրորդ տարբերակը` սեփական ժողովրդի վրա կրակելով զավթած իշխանությունը պահելը: Ինքնախաբեության ճանապարհն ընտրած և ամեն գնով աթոռից կառչած Սերժ Սարգսյանի գործելաոճն ունի հետևյալ առանձնահատկությունները։

1. Քաղաքական թիմ

Սերժ Սարգսյանն իր թիմի պոտենցիալ անդամ է համարում բոլոր նրանց, ովքեր ունեն բացահայտ, ցանակալի է՝ շատերի համար հայտնի թերություններ` հանցագործ են, վարկաբեկված են, շահամոլ են, անսկզբունքային են, ամեն գնով փորձում են առաջ գնալ և այլն: Ըստ Սերժ Սարգսյանի՝ հենց այս մարդկանց է ամենից հեշտ կառավարել, հետևաբար նրանք «ամենավստահելիներն են», «ամենահավատարիմները»: Իսկ նմանատիպ յուրայիններ նա այսպես է ձեռք բերում. սկզբում այդ մարդկանց ցույց է տալիս իր մոտ գտնվող դոսիեները ՝ հիշեցնելով նախկին փոքր ու մեծ հանցանքները, այսինքն` ցույց է տալիս դիմացինին, թե ինչ թույլ կողմեր ունի նա, իսկ հետո, իբրև լուծում, առաջարկում է իր «ընկերությունը», որը «կծածկի» նախկին սխալները: Բնական է,որ այդ մարդիկ, որքան էլ ստիպված ընդունում են նրա իշխանությունը, այնուամենայնիվ, ներքուստ, մեղմ ասած, այդքան էլ անկեղծ չեն իրենց հավատարմության մեջ: Սա քաջ գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը, սակայն գործնականում դա այդքան էլ նրան չի հուզում:

2. Գործելաոճ

Սերժ Սարգսյանի համար բոլորը, անկախ նրանից, թե որ դաշտում են գտնվում, իր համար վտանգավոր են`պոտենցիալ թշնամի: Այդ հարցում նա «ժողովրդավար է», նրա համար չկան յուրայիններ և թշնամիներ, քանի որ յուրաքանչյուր թշնամի պոտենցիալ յուրային է և հակառակը: Ազատիչը երբեք չի գնում առճակատման. դա նրա գործելաոճի առանցքն է: Ավելին, նա փորձում ընդհանուր լեզու գտնել իր բոլոր ընդդիմախոների հետ, ավելին` խոսել ընդդիմախոսների լեզվով: Եվ արդյունքում մենք ունենում ենք պարադոքսալ մի բան` Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան աշխատում է ընդդիմության դաշտում և ներկայանում է ընդդիմությունից ավելի ընդդիմադիր:

3. Հաջողության գրվականը

Եվ այնուամենայիվ, որպեսզի, ինչպես ժողովրդական խոսքն է աում՝ «խիյարը թարս չբուսնի», և իր բոլոր նպատակները հաջողվեն, Սերժ Սարգսյանը որդեգրել է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Այս սկզբունքը նա բանեցնում է թե՛ իր դաշտում գտնվող անձանց և թե՛ իր դեմ բացահայտ պայքարի ելած մարդկանց դեպքում:

Ներսում` իր, պայմանական ասված թիմում, նա փորձում է գտնել տարբեր կոնֆլիկտներ և բորոբոքել դրանք: Արդյունքում՝ եթե ոչ ամեն երկու հոգու, ապա գոնե մի քանի փոքրիկ խմբեր առանձնացնելով՝ նա կարողանում է վերահսկելի դարձնել բոլորին: Քանի որ կոնֆլիկտի բոլոր կողմերն արդյունքում գալիս և նրանից են օգնություն խնդրում, որի դիմաց որոշակի ծառայություններ են մատուցում անձամբ իրեն: Եվ, իհարկե, այս ամենի ավարտին իր գրասենյակում պահվող «դոսիեները» է՛լ ավելի են հաստանում:

Նույն սկբունքով նա պառակտում է ընդդիմադիր դաշտը: Ընդդիմության շարքերում ման է գալիս և գտնում այնպիսի մարդկանց, ովքեր մրցում են առաջնության համար, կամքից թույլ են, հիվանդագին ինքնագնահատական ունեն կամ կայացած մարդիկ չեն: Նրանց նա տալիս է այն, ինչ անհրաժեշտ է` մեկին հերոսի կարգավիճակ, մյուսին՝ պաշտոնի խոստում կամ կլորիկ գումար: Կամ պարզապես գնում է հենց ընդդիմադիրի արդուզարդով ու ասում. «Ուզում ես ընդդիմադի՞ր լինես, շատ լավ, եղիր, բայց պետք է մտնես իմ տիրույթ, խոսես նրանց դեմ, ում կասեմ: Դրա համար ես քեզ գումար էլ կտամ: Արդյուքնում՝ համ կույս կմնաս, կամ կայֆ կստանաս»:

5. Արդյունքը

Սերժ Սարգսյանի իշխանությունը արժեզրկում ու ապականում է ամեն ինչ` բարոյական նորմերից մինչև ազգային ինքնություն: Նրա քաղաքականության հիմնասյունը համահարթեցումն է, այսինքն՝ նա բացառում է որևէ օբյեկտիվ պայման, փաստ: Սա հակաքաղաքական մտածելակերպ է, որի արդյունքում մենք այսօր խճճվել ենք միջազգային քաղաքական դաշտում: Սերժ Սարգսյանը չունի քաղաքական որևէ սկզբունք, նպատակ, նա փոձում է ամեն ինչ ապաքաղաքականացնել: Իսկ միակ ինքնանպատակը իշխանությունն ու փողն են։ Ահա այդ ապաքաղաքականացված մթնոլորտի արդյունքում էլ շատերը, առանց ժողովրդավարության, չընտրված նախագահի հետ դեպի արևմուտք էին գնում, ինչի արդյունքում ստորացված և ծեծված հասանք լրիվ այլ ափ:

Հետևաբար՝ ստեղծված իրավիճակով մտահոգ յուրաքանչյուր անձ, լինի նա քաղաքական գործիչ, քաղաքացիական ակտիվիստ, գործարար թե մտավորական, այս պահին պետք է հստակ գիտակցի, որ քաղաքական այս ճգնաժամից մեր երկիրը կարող է դուրս գալ միայն քաղաքական փոփոխության՝ իշխանափոխության հասնելով:

Սերժ Սարգսյանը իրականում պատերազմ է հայտարարել բոլորին` ամբողջ հանրությանը՝  անկախ յուրաքանչյուր անհատի դիրքից, պաշտոնից և քաղաքական հայացքներից: Նա միայնակ խաղացող է, ով ունի միայն անձնական շահ, ով չունի և չի կարող ունենալ թիմ, և ով այժմ խճճվել է իր իսկ հյուսած սարդոստայնում՝ վերածվելով «կաղ բադիկի»։

Այսօր մենք ազգովին պետք է որոշենք՝ բարձարցնու՞մ ենք Ազատիչի նետած ձեռնոցը և դուրս գալիս միասնական պայքարի, թե՞ շարունակում ենք խաղալ նրա օրենքներով` քննարկել ու քննադատել ամեն բան, բացի Սերժ Սարգսյանի հրաժարականից՝ տանուլ տալով երկիրը։ Պատասխանն ակնհայտ է։

Տաթևիկ Պողպատյան

www.7or.am

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի պաստորին ձերբակալել են Ղուրանն այրելու փորձ կատարելիս’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը հոդվածով է հանդես եկել New York Times-ում’