‘
Հայաստանյան մամուլի թիվ մեկ թեման այսօր Ներիսկ Նազարյանի պաշտոնանկությունն է: Շրջանառվում են բազմաթիվ վարկածներ, սկսած ֆինանսական բուրգի մեջ Նազարյանի ներգրավվածությունից և վերջացրած ապրիլի 9-ին Նազարյանի գործողություններից: Կարծես թե, վարկածների թվում չկա միայն երեխա ուտելը: Ինչպես իրավացիորեն գրում է «Հրապարակի» խմբագիրը. «Թե ինչ դերակատարում ունի շարքային քաղաքացու կյանքում Երևանի ոստիկանապետը, և ինչ է փոխվելու նրա փոփոխությամբ, հայտնի չէ»:
«ՀԺ» այդ թեմայով գրում է.
«Երեկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել և կադրերի տրամադրության տակ է ուղարկել Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին: Անցած շաբաթ մենք հրապարակեցինք ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացված մի տեղեկություն, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների կողմից ստեղծվել է ֆինանսական բուրգ, որ քաղաքացիներից խաբեությամբ փողեր է կորզել և «սկել»: Մեր ունեցած տեղեկություններով Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը կարող է կապ ունենալ հենց այդ պատմության հետ: Ըստ նույն տեղեկությունների առաջիկայում սպասվում է մի քանի այլ բարձրաստիճան ոստիկանների ազատում, որոնց թվում է առնվազն մեկ մարզային ոստիկանապետ: Նշված ֆինանսական բուրգի «շրջանառությունը», ինչպես նշել էինք, 2.5 միլիոն դոլար է եղել: Բացառված չէ, որ այս պաշտոնանկություններով փորձ կարվի գործը «լղոզել» ու խուսափել այն աղմուկից, որը կբարձրանա դրա փարժեք բացահայտման արդյունքում: Նշենք, որ Վովա Գասպարյանը վաղուց էր փորձում ազատվել Ներսիկ Նազարյանից: Դեռ անցած տարի ամռանը նա Երևանի ոստիկանապետին ուղարկեց արձակուրդ և ամեն ինչ արեց, որ նա արձակուրդից այլևս չվերադաոնա իր պաշտոնին: Սակայն Նազարյանին հաջողվեց Գասպարյանի «գլխավերևում» լուծել իր հարցերը և վերադառնալ: Նշենք, որ վերջին շրջանում Նազարյանի համար անհաջող ժամանակներ են: Ըստ որոշ լուրերի նրա կամ ինչպես ինքն է ասում իր ընտանիքի անդամների բիզնեսը այնքան էլ հաջող չի ընթանում: Խոսակցություններ կան իրենց 6 միլիոն դոլար վարկը մարելու հարցում առաջացած դժվարությունների մասին: Բացի այդ, Նազարյանի ընտանիքի` Չինաստանում սկսած ինչ-որ բիզնես անհաջողությունների է մատնվել: Բայց Նազարյանի «բիզնես-ունակությունները» մեծ են, որոնք պայմանավորված են հայ օլիգարխիայի հետ ունեցած նրա չափազանց սերտ կապերով: Նա ոստիկանապետ էր այնքանով, որքանով դա օգնում էր իրեն պահպանել և զարգացնել իր կապերը: Հիմա հետաքրքիր է, թե առանց իր ունեցած պաշտոնի, որքանով այդ կապերը կամրանան կամ կթուլանան: Վովա Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը, որը մինչ այդ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն էր: ՔՀԳՎ պետ է նշանակվել Գագիկ Ավետիսյանը, որը մինչ այդ գլխավորում էր Արմավիրի մարզային ոստիկանությունը»:
Նույն թեմայով «Հրապարակը» գրում է.
«Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայություևների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից` գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, և նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է: Մեկ այլ վարկածով` «նալոգների» մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Եվ վերջապես, շրջանառվում է նաև մի պատմություն` կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՄՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է և Նազարյանի բիզնես-պարտնյորը «Մոսկվիչկա» ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ»:
«ժողովուրդն» էլ իր հերթին գրում է, որ Նազարյանի պաշտոնանկությունը կապված է ապրիլի 9-ի դեպքերի հետ.
Երեկ՝ երեկոյան, կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, որ աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: «Ժոդովուրդ»-ն անմիջապես կապվեց Նազարյանի հետ, որը վստահեցրեց. «Ես իմ աշխատասենյակում եմ, աշխատում եմ, ամեն ինչ նորմալ է: Նման բան չկա»: Զրույցից մոտ 30 րոպե անց պաշտոնապես հայտնի դարձավ, որ հրամանագիրը պատրաստ է. նա ուղարկվել է կադրերի ռեզերվ: Սա նշանակում է, որ Ն. Նազարյանին ևս, ինչպես ՀՀ նախկին՝ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, աշխատանքից ազատեցին առանց տեղյակ պահելու և, բնականաբար, առանց բացատրությունների: Նրա փոխարեն նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Համաձայնեք, որ սա ժողովրդավարության ճամփան բռնած մեր երկրին հարիր գործելաոճ չէ: Բայց այս պահվածքը գալիս է ուղիղ «վերևից»: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ՝ կեսօրից հետո, երկար ժամանակ եղել է ՀՀ նախագահի նստավայրում և Սերժ Սարգսյանի հետ քննարկել ինչպես կադրային, այնպես էլ այսօրվա միջոցառումների հետ կապված որոշ հարցեր: Բանն այն է, որ այսօր ՀՀ ոստիկանի մասնագիտական տոնն է, ու, փաստորեն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի սանիկ Նազարյանին նվեր մատուցեցին ազատման հրամանը:
Թեև դեռ պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչու Նազարյանն աշխատանքից ազատվեց, այնուամենայնիվ, համակարգում վաղուց էր խոսվում, որ նա ազատվելու է աշխատանքից: Պարզապես հարմար առիթ չկար, որպեսզի Ս. Սարգսյանին մատուցվեր, թե ինչու է պետք ազատվել Նազարյանից: Առիթն էլ զորավարին տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապրիլի 9-ին Նազարյանը հակված էր առավել կոշտ զարգացումների, իսկ Գասպարյանը քաղաքական իրադարձությունները տարավ աղոթքի դաշտ, դրա համար էլ Ս. Սարգսյանին առարկայական զեկուցելու թեմա ծնվեց, և Նազարյանն ազատվեց պաշտոնից»:
‘