‘
Կիրակի օրը Կատալոնիայի անկախության հակառակորդները դուրս են եկել Բարսելոնայի փողոցները՝ ի պաշտպանություն Իսպանիայի միասնության: Իսպանական իշխանությունների հավաստիացմամբ՝ ակցիայի մասնակիցների թիվն առնվազն մեկ միլիոն է եղել:
Ցուցարարները կրել են Իսպանիայի և Եվրամիության դրոշները: Ցույցի մասնակիցներից շատերը պահանջել են բանտ ուղարկել Կատալոնիայի պաշտոնազրկված ղեկավար Կառլես Պուչդեմոնին: Կառավարության մամլո քարտուղար Ինյիգո Մենդես դե Վիգոն, սակայն, հայտարարել է, որ չնայած պաշտոնանկությանը՝ անջատողականների ղեկավարը լրիվ իրավունք ունի մնալ քաղաքականության մեջ:
Իսպանիայի սենատը ուրբաթ օրը ուղիղ կառավարում է մտցրել Կատալոնիայում՝ անմիջապես այն բանից հետո, երբ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ինքնավարության անկախության հռչակագրին: Դրանից առաջ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ պաշտոնանկ է անում Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին, և խոստացել է անկախության հռչակագիրն անօրինական ճանաչել: Ընդ որում՝ Իսպանիայի կառավարությունը նաև հայտարարել է, որ կողջունի Կառլես Պուչդեմոնի մասնակցությունը դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններում:
Շաբաթ օրը իսպանական կառավարությունը ինքնավարության նոր ղեկավար է նշանակել փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիային:
Աշխարհի առաջատար երկրներից շատերի ղեկավարները, այդ թվում նաև ԱՄՆ պետքարտուղարությունը, հայտարարել են, որ մտադիր չեն ճանաչել Կատալոնիայի անկախությունը:
Կատալոնիայի նոր խորհրդարանի ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 21-ին:
Փոխանցում է BBC-ն:
‘