Վաշինգտոնը պատրաստ է օգնելու Իսլամաբադին՝ Պակիստանում թալիբների շարժման արմատական խմբավորման գրոհայիններից ստացվող սպառնալիքների դեմ պայքարի հարցում, երկուշաբթի ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական ակտիվությունը։
«Նախ, Պակիստանում ընթացիկ իրավիճակի մասին մենք գիտենք։ Ուշադիր հետևում ենք այն լուրերին, թե գրոհայինները զավթել են Բաննուում Ահաբեկչության դեմ պայքարի վարչության տեղամասի վերահսկողությունը։ Խոր ցավակցություն ենք հայտնում տուժածներին»,- ասել է Փրայսը։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն այդ թեմայով կապի մեջ է Պակիստանի ղեկավարության հետ։ «Մենք պատրաստ ենք աջակցություն տրամադրել ինչպես ներկա իրավիճակի ենթատեքստում, այնպես էլ` ավելի լայն իմաստով»,- ասել է Փրայսը։
Դեկտեմբերի 18-ին Պակիստանի թալիբների շարժումը Բաննու քաղաքում գրավել է Ահաբեկչության դեմ պայքարի վարչության տեղամասը և պատանդներ վերցրել։ Նրանց ազատ արձակելու դիմաց թալիբները պահանջում են դեպի Աֆղանստան անարգել ելքի հնարավորություն տրամադրել։ Արտակարգ դրության շրջանը շղթայվել է։ Քաղաքում ինտերնետն անջատված է, իշխանությունները բնակիչներին խնդրում են մնալ տանը։
Փոխանցում է tass.ru-ն։