‘Միգուցե Սերժ Սարգսյանը ինժենե՞ր դառնա’

1895

‘

Եթե ես զբաղվեմ ինժեներիայով, դուք ինձ խիստ կքննադատեք, բայց դուք ինժեներ եք, քաղաքականությամբ եք զբաղվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, Հայաստանի ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի աշխատակից Ռոբերտ Սարգսյանի ելույթին, որը պնդում էր, որ եթե երկրում առնվազն երեք անգամ կրճատվեն կառավարման ապարատի ծախսերը, մեր բոլոր հարցերը կլուծվեն։ «Պետք է քաղաքական ելույթները քաղաքական վայրերում հնչեն», – ասել է Սերժ Սարգսյանը։

Նշենք սակայն, որ քաղաքականությամբ զբաղվելու համար ՀՀԿ նախագահը թերևս ավելի շատ քննադատության է արժանանում, քան եթե զբաղվեր «ինժեներիայով»: Միգուցե ժամանա՞կն է փոխելու գործունեության ոլորտը:

Սակայն, անդրադառնանք գիտնական Սարգսյանի ելույթին, որը շատ ճիշտ նկատել է, որ երկրի տնտեսական և պաշտպանունակության խնդիրները լուծելու համար պետք է ունենալ ինովացիոն արտադրություն, այլ ոչ թե վաճառել հումք, ինչպես անում է այսօր Հայաստանը, և պետք է կրճատել պետական ապարատի ծախսերը։

News.am-ը փոխանցում է, որ Ռոբերտ Սարգսյանը հիշել է հայտնի սովետական երգիծաբան Արկադի Ռայկինի մանրապատումներից մեկը, երբ ռեստորանում ոմն պետական այր թանկարժեք ուտեստներ և ըմպելիքներ է պատվիրում ու բացականչում է. «Ամեն օր նստած եմ այս ռեստորանում ու մտածում եմ՝ ո՞ւր են գնում փողերը»:

Գիտնականը նշել է, որ շատ զարգացած պետություններ վարում են ծախսերի կրճատման քաղաքականություն, և որոշ համեմատություններ տարավ Հայաստանի և այլ երկրների պատգամավորների թվի և պետական ապարատի չափերի միջև։ Իսկ ՀՀԿ նախագահի քաղաքական ելույթի վերաբերյալ ռեպլիկին արձագանքեց, որ սա տարրական տրամաբանություն է, ոչ թե քաղաքականություն։

‘

Նախորդ հոդվածը‘Եմենում ապստամբները լքել են նախագահական նստավայրը’
Հաջորդ հոդվածը‘Երկրորդ «սև արկղի» ձայնագրությունը հաստատում է, որ A320 օդաչուն միտումնավոր է գործել’