Միգրանտների ճամբարը բելառուսա-լեհական սահմանի մոտ ամայացել է

105

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսի տարածքում՝ «Կուզնիցա-Բրուզգի» անցակետի մոտակա անտառում ստեղծված միգրանտների տարերային ճամբարը դատարկվել է։ Մինչև վերջերս այստեղ ապրում էին մերձավորարևելյան երկրներից ժամանած մի քանի հարյուր միգրանտներ, որոնք ցանկանում էին անցնել Լեհաստան։ Նրանք պարբերաբար փորձում էին ճեղքել սահմանային արգելապատնեշները, ինչը կատաղի ընդհարումների էր հանգեցնում։

Սակայն հինգշաբթի բելառուսական իշխանությունները մոտավորապես հազար միգրանտների տեղափոխել են տրանսպորտա-լոգիստիկ կենտրոն՝ սահմանից ոչ հեռու։  Նույն օրը Իրաք է վերադարձել առնվազն 400 միգրանտ, որոնց ետևից Մինսկ էր թռել «Իրաքյան ավիաուղիների» ինքնաթիռը։

Ուրբաթ օրը Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրան առաջարկել է ընդունել 2 հազար փախստականների, որոնք գտնվում են սահմանի մոտ։ Մամուլի քարտուղարի գնահատականով՝ այժմ Բելառուսում ընդհանուր թվով 7 հազար միգրանտ կա։

Սակայն Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր չէ բելառուսա-լեհական սահմանի մոտ հավաքված մարդկանց թույլ տալ մուտքը երկիր։ «Մենք չենք ենթարկվի այդ ճնշմանը և չենք ասի, թե պատրաստ ենք ընդունելու փախստականներին, քանի որ դա կնշանակի այդ ուխտադրուժ ռազմավարության իրականացում։ Խոսքն անօրինական և ուխտադրուժ միգրացիայի մասին է, որը Բելառուսը կազմակերպում է Ռուսաստանի որոշակի օգնությամբ։ Լեհերը միայն իրենց շահերը չեն պաշտպանում։ Նրանք գործում են նաև ի շահ ողջ Եվրամիության «,- ասել է Զեեհոֆերը։

Հինգշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան Լեհաստանի և Բելառուսի սահման է ուղարկում 150 ռազմական ինժեներների, որոնք լեհական իշխանություններին կօգնեն սահմանային ենթակառույցներն ամրացնելու հարցում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄի քանի ռուսական ակումբ ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին
Հաջորդ հոդվածըՍաակաշվիլին բանտում ուշաթափվել է