‘ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրության մրցույթը կրում էր ձեւական բնույթ’

1490

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության  նոր մրցույթի անցկացման իրավական հիմքեր գոյություն չեն ունեցել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նա մանրամասնեց, որ նոր մրցույթի անցկացման իրավական հիմքերը սահմանված են Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրին կից հավելվածի 5-րդ բաժնում: «Նոր մրցույցթ հայտարարվում է այն պարագայում, եթե հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցին ներկայացած հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, չի ապահովվում սեռերի ներկայացվածության սկզբունքը, բացառությամբ  սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքի:

Նոր մրցույթ է հայտարարվում նաեւ, եթե ՀՀ նախագահը մերժել է ցուցակի հաստատումը («Սերժ Սարգսյանը 2014թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին»), ԵԽԽՎ-ն չի ընտրել թեկնածուներից որեւէ մեկին (ցուցակը ԵԽԽՎ չի էլ ուղարկվել), ինչպես նաեւ, եթե առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր (թեկնածուներն ընտրվել են): Սա նշանակում է, որ նոր մրցույթ անցկացնելու իրավական հիմքերը բացակայում էին ի սկզբանե»,- նշեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այս դեպքում հղում է կատարվել վերջին կետի վրա, սակայն ուղղակի անհրաժեշտ էր առաջնային տեղեր գրաված մասնակիցների նոր ցուցակ կազմել, որոնց մեջ կներառվեին հերթականությամբ 4,5,6 եւ մնացած այլ տեղերը զբաղեցրած մասնակիցները:

Լուսինե Հակոբյանը ընդգծեց նաեւ, որ մրցույթի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները արձանագրել են թափանցիկության սկզբունքի լուրջ խախտումներ: Մասնավորապես՝ ՀԿ-ները եւ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հայտ ներկայացրած դիմորդների փաստաթղթերին: Նշենք, որ փաստաթղթերի ստուգման փուլում հանձնաժողովը պետք է գնահատեր, թե արդյո՞ք մասնակիցները համապատասխանում էին չափորոշիչներին, թե՞ ոչ: Ավելին՝ չի թույալտրվել դիտարկել հանձնաժողովի նիստը, որը, ըստ Լուսինե Հակոբյանի, իրականացվել է միտումնավոր: «Անհայտ է նաեւ, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա են ընտրվել լեզվի մասնագետները, ինչպե՞ս են կազմվել թեսթերը, եւ ինչպե՞ս են գնահատվել մասնակիցների լեզվական կարողությունները»,- նշեց նա:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն իր հերթին անդրադարձավ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի անկողմնակալությանը եւ օբյեկտիվությանը՝ նշելով, որ հանձնաժողովի կազմը բաղկացած չի եղել քաղաքականապես չեզոք անդամներից: «Նրանք չեն նշանակվել՝ հիմնվելով իրենց գիտելիքների, փորձի վրա, այլ նրանց նշանակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը: Խոսելով հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի մասին՝ նա ասաց, որ վերջինս ներգրավված է ծայրահեղ քաղաքական մի նախաձեռնության մեջ՝ սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաեւ, լինելով Սահմանադրական դատարանի նախագահ, նրա ձեռքով են լեգիտիմացվել համապետական կեղծված ընտրությունները:

«Մենք համոզված ենք, որ այս մրցույթի նպատակը ոչ թե թափանցիկ եւ արդար մրցույթի անցկացումն էր, այլ թափանցիկության պատրանքի ստեղծումը: Ամեն ինչ արվեց, որ հաղթող անձանց ցուցակում չընդգրկվեն իշխանության վերահսկողության տակ չգտնվող թեկնածուներ»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը անդրադարձավ հանձնաժողովի կազմում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ նշելով, որ տեղի է ունեցել շահերի հստակ բախում, որի վառ ապացույցն է այն, որ Օմբուդսմենի կողմից անպատասխան են մնացել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված բողոքները:

Խոսելով հաղթող թեկնածուներից Արմեն Հարությունյանի մասին՝ Տիգրան Եգորյանը հիշեցրեց վերջինիս կողմից տրված հարցազրույցը, որտեղ պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է ուզում դառնալ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր՝ Արմեն Հարությունյանը ասել էր, թե ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնը պատվաբեր է: Արմեն Հարությունյանը ժխտել էր  նաեւ այն տեսակետը, թե հանդիսանում է իշխանության թեկնածուն՝ ասելով, որ արդեն արտագաղթել է Հայաստանից եւ չի պատրաստվում վերադառնալ, այդ իսկ պատճառով չի կարող հանդիսանալ իշխանության թեկնածուն: «Մի մարդ, ով իր ապագան չի կապում Հայաստանի հետ եւ որոշել է արտագաղթել, արդյո՞ք պետք է, որ Հայաստանը ներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Խոսելով հաղթող թեկնածուներից Արա Ղազարյանի մասին՝ փաստաբանը հայտնեց, որ վերջինս հայտարարել էր, թե ՄԻԵԴ-ում հաղթել էր 20-ից ավելի գործերում, սակայն ինչպես հայտնի դարձավ, նա չէր նշել այն հանգամանքը, որ այդ գործերում միանձնյա ներկայացուցիչ չի հանդիսացել: «Ավելին՝ այդ գործերի թիվը եղել է ոչ թե 20, այլ՝ 11»: Փաստաբանը մեջբերեց նաեւ հաղթող թեկնածուներից Լիանա Հակոբյանի պատասխանը այն հարցին, թե ի՞նչ է կարծում՝ Հայաստանում գոյություն ունի՞ արդյոք խտրականություն, թե՞ ոչ: «Այս հարցին ի պատասխան՝ Լիանա Հակոբյանը ասել էր, թե Հայաստանում բացակայում է խտրականությունը, քանի որ նման վճիռ ՄԻԵԴ-ում չի կայացվել: Կարծում եմ՝ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են»,- ընդգծեց Տիգրան Եգորյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ հարցազրույցը կրում էր ձեւական բնույթ: «Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամերը ներկա չեն եղել հարցազրույցի ընթացքին: Ավելին՝ եղել են մարդիկ, որոնք ամբողջությամբ չեն լսել մասնակցի պատասխանները, սակայն վերջում տվել են գնահատականներ»,-տեղեկացրեց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ կտրուկ տարբերություն է զգացվում միեւնույն մասնացի՝ նախորդ եւ այս մրցույթի գնահատականների միջեւ: «Ի՞նչ է ստացվում, այս չորս ամիսների ընթացքում մասնակիցների գիտելիքները կտրուկ աճե՞լ են, թե՞ կտրուկ նվազել»,- ասաց փաստաբանը:

Տիգրանը Եգորյանն իր հերթին նշեց նաեւ, որ մրցույթի վերաբերյալ զեկույցը ուղարկվել է Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմիններին: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այս ցուցակը նույնպես մերժվի: 

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Հայաստանի օրենսդրական ինքնիշխանությունը վտանգված է’
Հաջորդ հոդվածը‘Ստացվել են Գյումրիի սպանության գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները’