‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության հանձնաժողովի մեծ մասը քաղաքական մեծամասնության ընտրայլներն են’

1635

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության  նախորդ մրցույթի ընթացքում մենք արձանագրել էինք մրցույթի թափանցիկության սկզբունքի լուրջ խախտումներ, ինչից հետո 2014 թվականի հոկտեմբերի 1-ին մեզ թույլ էին տվել ծանոթանալ հավակնորդների ներկայացրած հայտերին եւ կից փաստաթղթերին, ինչպես նաեւ լուսանկարել դրանք: Արդյունքում՝ մենք բացահայտեցինք, որ երեք թեկնածու՝ դատավորներ Նորա Կարապետյանը, Արայիկ Մելքումյանը եւ նախկին Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, սահմանված վերջնաժամկետից ուշ էին ներկայացրել դիմումները: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը: Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ն ամբողջ մրցույթի ընթացքում իրականացնում էր դիտորդական առաքելություն: 

«Մեր մտահոգությունները բարձրաձայնելու արդյունքում հանձնաժողովը ստիպված եղավ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին, հարցազրույցների ավարտին՝ ամփոփիչ նիստ անցկացնել եւ անդրադառնալ այդ մտահոգություններին: Եթե հիշում եք, գիշերային ուշ ժամին հրավիրվել էին թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Մելքումյանն ու Նորա Կարապետյանը, եւ նրանց առաջարկվել էր հանձնաժողովին բացատրություններ տալ, ինչից նրանք հրաժարվել էին՝ խնդրելով չամփոփել իրենց մասով հարցազրույցի արդյունքները: Ըստ էության, մեր դիտարկումները լուրջ դերակատարում ունեցան, եւ այդ լույսի ներքո այս անգամ հանձնաժողովը փոփոխություն կատարեց իր 2014թ. սեպտեմբերի 1-ի որոշման մեջ եւ այդ փոփոխություններով սահմանեց, որ երկու տեսակի տեղեկատվություն է ենթակա հրապարակման: Դրանք են՝ հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ յուրաքանչյուր օրվա ընթացքում ընդունված դիմումների մասին տեղեկատվությունը:

Ըստ էության, սա շատ լուրջ սահմանափակող ազդեցություն ունեցավ մեր դիտորդական իրավունքների վրա, եւ մրցույթի մի զգալի հատված մնաց գաղտնի ու անտեսանելի: Դրան գումարվեց նաեւ այն հանգամանքը, որ հանձնաժողովի ամփոփիչ նիստը եւս անցկացվեց գաղտնիության պայմաններում, չնայած՝ անձամբ ես մեր կազմակերպության անունից դիմեցի հանձնաժողովին՝ առաջարկելով հնարավորություն ընձեռել մեզ մասնակցելու ամփոփիչ նիստին, սակայն հանձնաժողովը մերժեց այդ դիմումը եւ հղում կատարեց իր իսկ սահմանած կարգին»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ այդ որոշմամբ հանձնաժողովը խախտեց իրենց՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ տեղեկություններ փնտրելու եւ ստանալու իրավունքը, ինչպես նաեւ 2014 թվականի օգոստոսի 2-ին ընդունած՝ Սերժ Սարգսյանի հրամանագրի հավելվածով սահմանված կարգը, որի համաձայն՝ հանձնաժողովը պետք է առաջնորդվեր ընթացակարգի թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքով:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանի խոսքով՝ մինչ օրս պահպանվում են հանձնաժողովի կազմի վերաբերյալ մտահոգությունները: «Մասնավորապես, այս առումով հետաքրքիր է այն, որ հանձնաժողովի մեծ մասը օրվա քաղաքական մեծամասնության ընտրյալներն են: Օրինակ, Արդարադատության նախարարը զբաղեցնում է քաղաքական պաշտոն, Արդարադատության ակադեմիայի ռեկտորը նույնպես նշանակվում է գործադիրի կողմից, Մարդու իրավունքների պաշտպանը եւ Գլխավոր դատախազը ընտրվում են Ազգային ժողովի մեծամասնության կողմից: Իսկ քաղաքական մեծամասնության կողմից ընտրվելու դեպքում, պարզ է, որ գործում է մեկ հրահանգի սկզբունքը: Այսպիսով, ակնհայտ է, թե հանձնաժողովը իր մեծամասնությամբ ինչպիսի որոշումների է ընդունակ եւ ինչպիսի ազատության ու անկախության կրող է:

Շատ կարեւոր է նաեւ այն, որ հանձնաժողովը, երբ ,օրինակ, որոշում պետք է կայացնի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքի ապահովման վերաբերյալ, մասնավորապես՝ թափանցիկության հետ կապված հարցի, չի դրսեւորում այն լայնախոհությունը, որը ակնկալում է հավակնորդներից հարցազրույցի ընթացքում: Անհասկանալի է, թե այս հանձնաժողովը, ի վերջո, ի՞նչ արժեքներ է կրում եւ ինչպե՞ս է գնահատում մասնակիցներին:

Նշեմ նաեւ, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը ամբողջ ընթացքում իրականացրել է դիտորդական առաքելություն, այլ ոչ այլընտրանքային գնահատում: Մեր գերնպատակը եղել է այն, որ հանրությանն ի ցույց դնենք ցանկացած գնահատականի հիմնավորվածությունը, դրա օբյեկտիվությունը եւ ապացուցելիությունը: Էական չի, թե ինչպես են գնահատել, այլ էական է, թե արդյո՞ք այդ գնահատականը կարողանում են հիմնավորել, եւ թափանցի՞կ է արդյոք այդ գնահատականը ձեւավորվում:

Երբ համեմատում ենք այս մրցույթի ընթացքում տրված գնահատականները նախորդ մրցույթի գնահատման արդյունքների հետ, ապա տեսնում ենք, որ կան շատ լուրջ խնդիրներ: Այսինքն, համեմատելով նախորդ գնահատման արդյունքերի հետ՝ պարզ է դառնում, որ դրանց միջեւ առկա են ակնհայտ տարբերություններ. մի մասի գնահատականը բարձրացել է, մյուս մասինը՝ իջել: Այս մրցույթը ստուգարք չէ ուսանողների համար, երբ մի հարցի չպատասխանելու համար «երկու» գնահատական ստանան: Այստեղ ստուգվում են դատավորի որակական, անձնական, մասնագիտական հատկանիշների համապատասխանությունը, նրանց համակարգային մտածողությունը եւ այլն: Այսինքն՝ չի կարող մի քանի ամսվա ընթացքում անձն ունենալ, օրինակ, բարոյական բարձր չափանիշներ, եւ մի քանի ամիս անց գնահատվել ցածր չափանիշներով, կամ հակառակը՝ բարոյական զարթոնք ապրել եւ մի քանի միավոր ավելի հավաքել: Կային նաեւ հավակնորդներ, որոնք լեզվական կարողությունների կտրուկ աճ են գրանցել եւ տեքստերի թարգմանության հարցում հաջողել են: Սա էլ է լուրջ մտահոգություն: Օրինակ՝ Արայիկ Ղազարյանը նախորդ անգամ ֆրանսերեն բառերը չէր կարողանում հասկանալ, բայց այս անգամ կարողացավ թարգմանել: Իսկ երբ նույն տեքստի վերաբերյալ ֆրանսերեն հարց տվեցին, նա կրկին հարցը չհասկացավ՝ չնայած տեքստը թարգմանել էր:

Այս գնահատման մեխանիզմները իսկապես շատ լուրջ խնդիր են հանդիսանում եւ կասկածի տեղիք են տալիս: Սրանք ուղղակի հրամայական են դարձնում թափանցիկության բարձր շեմի ապահովումը, որովհետեւ այն պայմաններում, երբ  ՀՀ որեւէ պաշտոնյայի նկատմամբ հանրությունը գրեթե զրոյական վստահություն ունի, հանձնաժողովը իր այս գաղտնիության սկզբունքի ներքո գործունեությամբ ուղղակի սնուցում է բոլոր տեսակի կասկածները եւ գրեթե բացահայտ կերպով ասում է՝ մենք թաքցնելու լուրջ բան ունենք, եւ այդ պատճառով էլ մենք սահմանափակում ենք թափանցիկությունը եւ էական տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սրանք են շարժառիթները  եւ դրդապատճառները, հակառակ դեպքում՝ այս սահմանափակումները չէին լինի»,- նշեց Տիգրան Եգորյանը:

Նա հավելեց նաեւ, որ ի հակառակ հանձնաժողովի ընդունած որոշման, որով հորդոր էր արվում հանձնաժողովի անդամներին հրապարակային ելույթներ չունենալ, այնուամենայնիվ, այդպիսի մի հրապարակային ելույթով հանձնաժողովի անդամներից մեկը գաղտնիությունը եւ թափանցիկության սահմանափակումը պատճառաբանեց թեկնածուների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ նշելով, թե հանձնաժողովը, կաշկանդված լինելով թեկնածուների՝ իրենց գնահատականները չհրապարակելու իրավունքով, կիրառել է այս թափանցիկության սահմանափակումները: «Այստեղ ուղղակի պետք է հիշեցնել, որ թեկնածուների եւ հավակնորդների բոլոր գնահատականները հրապարակված են եւ տեղադրված են Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, հետեւաբար՝ վերոնշյալ պատճառաբանությունը այլեւս վերացած է: Ավելին՝ սա արդեն զավեշտի է վերածվում:

Եթե հիշենք նախորդ մրցույթը, դրա ընթացքում հավակնորդների անունները գաղտնի էին պահվում՝ պատճառաբանելով, որ հավակնորդները դիմումներ են ներկայացրել եւ չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, իսկ Արդարադատության նախարարությունը եւ  հանձնաժողովը կաշկանդված են այդ անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքով: Սակայն հետագայում, երբ հրապարակվեցին այդ փաստաթղթերը, այդպես էլ չհայտնաբերվեցին  դիմումները, որոնցով հավակնորդները խնդրած կլինեին գաղտնի պահել իրենց անունները:

Ստացվում է, որ ամեն անգամ իրենց ակնհայտ անհիմն գործողությունները արդարացնելու նպատակով հանձնաժողովը ինչ-որ արդարացումներ է փնտրում եւ հղում կատարում հավակնորդների իրավունքներին: Հավանաբար՝ հիմնական խնդիրը հենց հանձնաժողովի անդամների գնահատականների գաղտնիությունն է, որովհետեւ հենց հանձնաժողովի անդամներն են կաշկանդված իրենց գնահատականները հրապարակելու հարցում, քանի որ, միգուցե հենց այդ գնահատականներն են, որ օբյեկտիվ չեն, եւ հրապարակման դեպքում ցանկացած օբյեկտիվ դիտորդի մոտ կասկածներ կառաջանան: Ի՞նչն է խնդիրը, որ դրանց ձեւավորման պրոցեսը կամ այն առանձին-առանձին գնահատականները, որոնցից ձեւավորվում է այդ հանրագումարը, չեն հրապարակվում: Այս ամենին ուրիշ բացատրություն գոյություն չունի»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը հավելեց նաեւ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրության նոր մրցույթի անցկացման իրավական հիմքեր գոյություն չունեն, եւ մրցույթը պետք է անվավեր ճանաչվի: Նա մանրամասնեց, որ նոր մրցույցթի անցկացման իրավական հիմքերը սահմանված են Սերժ Սարգսյանի 2014 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրին կից հավելվածի 5-րդ բաժնում: «Նոր մրցույցթ հայտարարվում է այն պարագայում, եթե հավակնորդների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, հարցազրույցին ներկայացած հարցազրույցի մասնակիցների թիվը չի գերազանցում երեքը, չի ապահովվում սեռերի ներկայացվածության սկզբունքը, բացառությամբ  սույն կարգի 28-րդ կետում նշված դեպքի:

Նոր մրցույթ է հայտարարվում նաեւ, եթե ՀՀ նախագահը մերժել է ցուցակի հաստատումը («Սերժ Սարգսյանը 2014թ. հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին»), ԵԽԽՎ-ն չի ընտրել թեկնածուներից որեւէ մեկին (ցուցակը ԵԽԽՎ չի էլ ուղարկվել), ինչպես նաեւ, եթե առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր (թեկնածուներն ընտրվել են):

Սա նշանակում է, որ նոր մրցույթ անցկացնելու իրավական հիմքերը բացակայում էին ի սկզբանե»,- նշեց Լուսինե Հակոբյանը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայանը՝ ԲՀԿ նոր խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները քաղաքացու նկատմամբ կրկին բռնություն են գործադրել ‘