‘«Միլան» — «Բարսելոնա» Կապելլոյի կոմից «Դրիմ թիմ»-ի ջախջախումն ու նոր Բարսայի սկիզբը’

698

Անցած շաբաթ ՉԼ-ի «փլեյ օֆֆ» փուլի վիճակահանությունից հետո ձեզ ներկայացրինք ամենահնչեղ զույգի` «Մանչեստեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ» խաղերի պատմությունը, հիշարժան հանդիպումները և թիմերի ներկայիս իրավիճակները: Այժմ անդրադառնանք իր հնչեղությամբ երկրորդ՝ «Միլան»- «Բարսելոնա» զույգին:

 Արդեն 3-րդ անգամ է, ինչ այս թիմերը հանդիպում են Չեմպիոնների Լիգայի «փլեյ օֆֆ» փուլում, 1 անգամ էլ հանդիպել են Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, հեռավոր 1959 թվին, երբ Բարսան 5-1 հաշվով հաղթել է իտալացիներին: «Փլեյ օֆֆ» փուլի բոլոր 4 դեպքերում էլ հաղթող է դուրս եկել կատալոնական թիմը: Իհարկե, այս ամենի ընթացքում տեղի է ունեցել Բարսայի 25-ից բարձր տարիքի երկրպագուների համար նաև ամենացավալի իրադարձություններից մեկը, երբ 1994-ին Աթենքում Կապելլոյի «Միլան»-ը, ցույց տվեց կլասիկ «անդերդոգ»-ի օրինակ և ՉԼ-ի եզրափակչում 4-0 հաշվով պարզապես վերացրեց Կրույֆի «Դրիմ թիմ»-ին:

Վերհիշենք Աթենքի եզրափակչից հետո տեղի ունեցած մի քանի ուշագրավ հանդիպումներ:

«Միլան» — «Բարսելոնա»՝ 3-3 , 2000-ի հոկտեմբերի 18 , ՉԼ-ի խմբային փուլ

Առաջին խաղում տանը զիջելով 0-2՝ Բարսան ամեն կերպ պետք է միավորներ տաներ «Սան Սիրո»-ից, որպեսզի շարունակեր խմբից դուրս գալու հույսեր փայփայել: Կապտանռնագույնների մոտ Ֆիգուի «Ռեալ» տեղափոխվելուց հետո Ռիվալդոն այդ տարիներին հաճախ էր միայնակ փրկում Բարսային: Միլանում նույպես գործերը լավ չէին, և Ձակերոնին դժվարությամբ էր գլուխ հանում աստղային կազմից:

Այս հանդիպմանը ևս Ռիվալդոն, 2 անգամ՝ տուգանայինից, մեկ անգամ էլ ՝ գլխով հարվածով օգնեց Բարսային 1 միավոր վաստակել «Սան Սիրո»-ում, Ռիվալդոյին հեռահար հարվածով և նորից տուգանայինից գոլով պատասխանում էր Դեմետրիո Ալբերտինին:

Բարսան այդպես էլ չկարողացավ շրջանցել Օ’Նիլ-ի «խենթ» «Լիդս»-ին, քանի որ անգլիացիների դեմ խաղում Շևչենկոն վրիպեց 11 մետրանոցից, և հայտնվեց ՈւԵՖԱ-ի գավաթում, իսկ «Միլան»-ը չկարողացավ հաղթահարել 2-րդ խմբային փուլը:

Կարևոր է ընդգծել, որ Բարսան և «Միլան»-ը միշտ էլ լավ հարաբերությունների մեջ են եղել, և հետագայում Ռիվալդոն հայտնվեց Միլանում, իսկ «Միլան»-ի լեգենդ Ալբերտինին իր խաղացողի կարիերան ավարտեց Բարսայում:  2 մրցաշրջան հետո  «Միլան»-ի հոլանդացի լեգենդներից Ռայկարդը, որպես մարզիչ, ձևավորվեց Կատալոնիայում, որի գլխավորած թիմի գլխավոր աստղը` Ռոնալդինյոն, 2008-ին տեղափոխվեց «Միլան»: Նույն ճանապարհով անցավ նաև Զլատան Իբրահիմովիչը:

«Բարսելոնա» — «Միլան»՝ 2-1,  2004-ի նոյեմբերի 11, ՉԼ-ի խմբային փուլ

Երկու թիմերի հետ այդ ՉԼ-ի խաղարկությունում նույն խմբում էին հայտնվել «Սելթիկ»-ն ու «Շախտյոր»-ը, և պարզ էր, որ լուրջ մրցակցություն խմբում չէր լինելու: Երկու շաբաթ առաջ Բարսան, չօգտագործելով բազմաթիվ գոլային պահեր, Շևչենկոյի միակ փայլուն գոլից հետո պարտվել էր «Սան Սիրո»-ում, պատասխան խաղում կատալոնցիների մոտ մեծ էր ցանկությունը հաղթել Անչելոտիի գերհզոր թիմին: Բարսան լավ չսկսեց խաղը, և Շևչենկոն նորից բացեց խաղի հաշիվը՝ հեշտությամբ շրջանցելով Բարսայի 21-րդ դարի ամենաթույլ պաշտպան Օլեգերին: Առաջին խաղակեսի ավարտին մոտ Էտո’Օն հավասարեցրեց հաշիվը:

Ամբողջ երկրորդ խաղակեսում Բարսան շարունակում էր փորձել ձեռնարկել, բայց Էտո’Օն պահեր չէր ունենում, իսկ Ռոնալդինյոն խայտառակ վատ երեկո էր անցկացնում, մինչև այն պահը, երբ հանդիպման ավարտին մոտ ստեղծեց Բարսայում իր առաջին մեծ հրաշքը:

Բրազիլացու՝ վերջին րոպեներին խփած գոլը, կարելի է ասել, այն ցատկահարթակն էր, որը Բարսային վերջապես վերադարձրեց թոպ ակումբների շարքը: Հետագայում կատալոնցիները առաջին անգամ բախվեցին Մոուրինյոյի «Չելսի»-ին և Կոլինայի կոպիտ սխալի պատճառով դուրս մնացին 1/8-ից, իսկ «Միլան» -ը, լինելով ավելի հասուն թիմ՝ կարողացավ հասնել մինչև եզրափակիչ, բայց այրվեց «Ստամբուլյան հրաշք»-ում:

«Բարսելոնա» — «Միլան», 0-0, 2004-ի ապրիլի 26,  ՉԼ-ի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում

Առաջին խաղում կատալոնցիները հավասար պայքարում անցած խաղում Ժյուլիի գոլի շնորհիվ հաղթել էին «Սան Սիրո»-ում, և սեփական դաշտում պետք էր պահպանել գրանցած առավելությունը: Կակային և Շևչենկոյին հաջողվեց ճնշել Ռայկարդի թիմին, և նրանք շատ մոտ էին գոլ խփելու: Շևչենկոն նույնիսկ խփեց, շատերի կարծիքով՝ մաքուր գոլ, բայց մրցավարը համարեց, որ ուկրաինացին քաշել է Պույոլի շապիկից: Բարսան, պահպանելով 0-0 հաշիվը, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթեց «Արսենալ»-ին 2-1 հաշվով:

«Բարսելոնա» — «Միլան»՝ 3-1,  2012-ի ապրիլի 3, ՉԼ-ի 1/4րդ եզրափակիչ պատասխան հանդիպում

Թիմերը անցյալ խաղաշրջանի սկզբում արդեն հանդիպել էին խմբային փուլում, որտեղ կատալոնցիները ավելի ուժեղ էին: 4 հանդիպումների գլխավոր գործող անձանցից մեկը Զլատան Իբրահիմովիչն էր, որ չկարողանալով իրեն գտնել Գվարդիոլայի թիմում՝ անդադար վիրավորում էր իր նախկին մարզչին: 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում մրցավարը,հօգուտ Բարսայի, չէր նշանակել 2 բացահայտ 11 մետրանոցներ, և պատասխան խաղում իտալացիների մոտ հույս էր առաջացել կրկնել «ավտոբուս»-ով խաղալու մարտավարությունը և գոլ խփելու դեպքում դուրս գալ կիսաեզրափակիչ: Հյուրերը շարունակում էին գերպաշտպանողական ֆուտբոլ խաղալ՝ մինչ Մեսսիի՝ 11 մետրանոցից առաջին գոլը, որից հետո Իբրան գոլ ստեղծեց Նոչերինոյի համար: Հետո տեղի ունեցավ այն, ինչի համար «Միլան»-ի երկրպագուները ատում են Բարսային: Հանդիպման գլխավոր մրցավար Բյորն Կեյպերսը տուգանայինում Նեստայի Բուսկետսի նկատմամբ խախտումից հետո 2-րդ անգամ ցույց տվեց  11 մետրանոց նշակետը: Մեսսին նորից հաղթեց Աբյատիին և առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսում Ինյեստայի գոլից հետո ամեն ինչ հանդարտվեց, և Իբրային և իր խաղընկերներին ոչինչ չհաջողվեց փոխել: Հետագայում Բարսան չկարողացավ հաղթել անգլիական «ավտոբուս»-ին և դուրս մնաց կիսաեզրափակչից, իսկ «Միլան»-ը, պարտվելով նաև «Սերիա Ա»-ում, ստիպված վաճառեց իր առաջատարներ Իբրային և Տյագո Սիլվային:

Ինչ կարելի է սպասել փետրվարին և մարտին տեղի ունենալիք հանդիպումներից

Ինչքան էլ որ Ալեգրիի թիմում, Էլ Շարավիի շնորհիվ, գործերը մի փոքր բարելավվել են՝ մրցաշրջանի մեկնարկի համեմատ, բայց Էլ Շարավին իրականում շատ քիչ է Բարսային հաղթելու համար: Ալեգրին թեև չունի ուժեղ պաշտպաններ, ինչիսին էին Նեստան կամ Տյագո Սիլվան, և կորցրեց հիմնական հենակետային Դե Յոնգին, նորից կփորձի որքան հնարավոր է՝ խիտ փակվել, և առաջին խաղում համաձայն կլինի 0-0 ոչ ոքիի՝ ինչպես անցյալ մրցաշրջանում: Իսկ կատալոնցիները կանեն ամեն ինչ՝ Տիտոյին երջանկացնելու համար, ով բժիշկների կանխատեսմամբ՝ կհասցնի ապաքնվել և արդեն առաջին խաղում կարող է ներկա գտնվել պահեստայինների նստարանին:

 

Նախորդ հոդվածը‘Էպոսագետը, Հայրիկյանն ու Հայրապետյանն առաջադրվեցին (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Գրքի գողը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման ‘